Վազգեն Սարգսյանը հայ ժողովրդի Սպարապետն է եւ Հայաստանի զինվորը: Այս մասին Եռաբլուրում Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձի օրը, նշեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Ես տեսել եմ նրան, թե Արցախում, թե մեր հյուսիսային սահմանում` Նոյեմբերյանում, Բաղանիսում, Այրումում միասին ենք եղել: Ինքը կրել է թե համազգեստ, թե քաղաքացիական հագուստ, եղել է բոլոր եղանակներին»,- հիշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, Վազգեն Սարգսյանը ցույց է տվել, թե ինչ է նշանակում լինել քաղաքացի, հայրենիք սիրող զինվոր, սպա եւ հրամանատար: «Սպարապետ ժողովուրդն է իրեն անվանում, բայց առաջին հերթին նա հայ մարդ է, ով սիրեց երկիրը եւ իր կյանքը տվեց, իր մարդկայնությունը զգաց, իր հետագիծը ուղղեց եւ նաեւ իր թռիչքի պահին խփեցին: Դրա համար իրենք իրենց պատասխանը կստանան: Հայ ժողովուրդը, հայ քաղաքացին ժայթքել է եւ ժայթքել է ոչ թե Րաֆֆիի համար, ինչպես ասել եմ բազմաթիվ անգամներ, այլ հասկանում է, որ  նժարի վրա դրված է երկրի ապագան: Ինչպես Սպարապետն է  ցույց տալիս իր օրինակով, թող մարի մարդը, երբ իր ժամն է, բայց թող հարատեւի ազգն ու պետությունը: Ես վստահ եմ, ո ր մեր ժողովուրդը արդեն վերադարձել է եւ իմ բաժին պատասխանը կտամ այսօրվանից մինչեւ հաջորդ կիրակի օրը»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հարցին, թե խորհրդակցություններն ավարտվե՞լ են այլ քաղաքական ուժերի հետ եւ բացի ՀՅԴ-ից այլ ուժեր կմիանա՞ն, նա պատասխանեց, որ ինքը բաց է, պատրաստ է հաղորդակցություն իրականացնել բոլորի հետ: «Ես, եթե գնացել եմ նախագահի  մոտ, պատրաստ եմ հաղորդակցություն իրականացնել բոլոր բոլորի հետ: Դրա համար, թե ԲՀԿ-ն, թե ՀՅԴ-ն, եթե ՀԱԿ-ը պատրաստ է, առաջին նախագահը, ցանկացած մարդ, ես չունեմ այդ բարդույթը: Կարեւորը մարդիկ պատրա՞ստ են ինքնամաքրման, թե` ոչ, պատրա՞ստ են համազգային լուծման, թե` ոչ: Դրա համար ես շարունակում եմ այդ խորհրդակցությունները: Ես եմ պատրաստ նախաձեռնել: Ով պատրաստ է, ես պատրաստ եմ»,- արձագանքեց Րաֆֆի Հովհաննիսյանը, հավելելով, որ ԲՀԿ-ի հետ հանդիպման մանրամասները կներկայացնի այսօրվա հանրահավաքում:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am