«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին կից կստեղծվի խորհուրդ, որի նպատակն է` կուսակցության գործունեությունն առավել հասցեագրված, նոր ծավալների եւ ձեւաչափի մեջ իրականացնել, արագ արձագանքել եւ որոշումներ կայացնել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:
Նա նշեց, որ խորհուրդը որոշումներ կկայացնի կոնկրետ հարցերի հետ կապված, որոնք բարձրացնում է հասարակությունը: Հայտնի չէ, թե խորհուրդը երբ կգործի, քանի որ որոշումը երեկ է կայացվել:
«Արվելու է ամեն ինչ, որպեսզի այն գործի արագ եւ արդյունավետ, իսկ խորհրդում ներկայացված կլինեն տարբեր ոլորտների մասնագետներ, կուսակցության քաղաքական խորհրդի անդամների կազմից բաղկացած, բայց թիվը լինի իրատեսական»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը:
Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակում երեկ տեղի է ունեցել կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը, որը վարել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: «Մեր պետության եւ ժողովրդի խնդիրները պետք է մտահոգեն մեզանից յուրաքանչյուրին, խմբակցության պատգամավորները հասարակության լայն զանգվածներին մտահոգող խնդիրների հանդեպ պետք է զգոն լինեն եւ հնչեցնեն դրանք խորհրդարանի բարձր ամբիոնից: Ժողովրդի կողքին եւ ժողովրդի համար. սա ԲՀԿ-ի կարեւորագույն սկզբունքներից է եւ առաջնահերթ է լինելու ցանկացած խնդրի պարագայում: ԲՀԿ-ն անելու է առավելագույնը՝ ժողովրդի վստահությունը պահպանելու համար»,-իր խոսքում նշել է Գագիկ Ծառուկյանը:











