Բոլոր կանանց համար մարտի 8-ը տոն է, իսկ 30-ամյա Ալյոնայի համար՝ պատվերների հեղեղ:
Հորս արեւ, աղջիկ է քշում
18 տարեկանից կյանքը ղեկին նվիրած վիրահայ Ալյոնան արդեն երկու տարի է Վրաստանից տեղափոխվել է Հայաստան: Ավելի քան 5 տարի տաքսի է վարել Վրաստանում, իսկ վերջին 8-9 ամիսներին Հայաստանում է տաքսի վարում: Նա շեշտում է, որ ի տարբերություն Վրաստանի՝ Հայաստանում շատ են զարմանում, երբ տաքսիի ղեկին կին են տեսնում: «Բացում են, զարմանում են՝ ասում են՝ դուք աղջի՞կ եք, կամ էլ նստում են ասում են՝ բարեւ ախպեր, հետո ասում են՝ վայ, դուք աղջի՞կ եք: Եղել է, որ բացել են, ասել են՝ հորս արեւ, աղջիկ է քշում: Մի անգամ նույնիսկ ասել են՝ ինչ ես անում, գնա տուն, էրեխեքիդ նայի»,- պատմում է Ալյոնան:

Զարմանում են ոչ միայն ուղեւորները, այլեւ իրենց կյանքում գրեթե ամեն ինչ տեսած ոստիկանները: Վարորդը պատմում է, որ ոստիկանները «փայտը» բարձրացնում են, որ կանգնեցնեն, սակայն տաքսիի ղեկին տեսնելով կնոջ՝ փայտը մնում է օդում, ոստիկանի բերանն էլ բաց մնում: «Մրցակից» տաքսու վարորդներն էլ իջնում են, հարցնում՝ «հարազատ ջան, գործերդ լա՞վ է»: Նա հիմնականում տուգանվում է թույլատրելի արագությունը գերազանցելու համար, կամ էլ չթույլատրված տեղից շրջադարձ կատարելու համար:
Աշխատանքի դուրս գալուց 5 րոպե անց ձեռքերը սեւ են
Ալյոնան իրավաբանական բարձրագույն կրթություն է ստացել, սակայն մասնագիտությամբ երբեւէ չի աշխատել: Պատմում է, որ Վրաստանում դժվար էր մասնագիտությամբ աշխատանք գտնելը, Հայաստանում էլ, քանի որ լավ չի տիրապետում հայերենի, չի կարողացել մասնագիտությամբ աշխատել: Ուսանողական տարիներից տաքսի էր վարում, իսկ այժմ դժվարանում է ասել՝ կկարողանա ուրիշ աշխատանք կատարել, թե ոչ: «Ես առանց մեքենա չեմ կարող, դա էլ իմն է երեւի, մի օր չեմ քշում, մի բան պակասում է»,- նշեց նա՝ հավելելով, որ սիրում է ազատ մայրուղի եւ նյարդերը քայքայվում են խցանումներից:

Ալյոնան խոստովանում է, որ սկզբից երբ մեքենա էր վարում, բարդութավորվում էր: «Սաղ նայում էին, սաղ կանգնում են, նայում են, ապակին իջեցնում են, սկսում են նկարել ֆոտոապարատով, հասնում են ավտոյին, կանգնեցնում են, ինձ թվում է բան է եղել, բագաժնիկն եմ բաց թողել, բայց չէ, ուզում են նկարվել»,- նշեց նա:
Կինը նշում է, որ ուղեւորները հիմնականում գոհ են իրենից, ասում են՝ նորմալ վարորդ է, վատ չի վարում: Սակայն, լինում են նաեւ բողոքողներ, հիմնականում՝ աղջիկներ, որոնք զանգահարում են տաքսի ծառայություն եւ ասում, որ նրան այլեւս չուղարկեն: Ալյոնան պատմում է, որ տղամարդ ուղեւորների հետ հեշտ է, երբեւէ խնդիր չի ունեցել, պարզապես երբ ծանոթ չեն իրեն, կարող է սկզբից վախենան, ամրագոտի կապեն, բայց հետո հանգստանան, զրուցեն, նույնիսկ տեղ հրավիրեն: Տղամարդ ուղեւորները նաեւ հետաքրրքվում են, թե կիլոմետրը ինչքան է, Ալյոնան էլ կեսկատակ, կեսլուրջ պատասխանում է՝ «5000 դրամ»:

Կին վարորդը դժգոհ է աղջիկ հաճախորդների վարքից, քանի որ նստում են, առանց հարցնելու՝ սկսում ծխել, պատուհանը բացել՝ ասելով, թե «տաքսի են կանչել, պետք է կոմֆորտով գնան», գործը հասնում է նույնիսկ վիճաբանությունների:
Նրա սիրելի մեքենայի մակնիշերն են BMW, Lexus, ժամանակին BMW, «Վազ 2107» է վարել, այժմ կարմիր «Օpel»-ի ղեկին է: Մեքենան չի տարբերվում մյուս վարորդների մեքենաներից, պարզապես նա այնտեղ նաեւ հայելի եւ շրթներկ է պահում: Ալյոնան անընդհատ կրկնում է, որ որեւէ հետաքրքիր բան չկա իրենց կյանքում, «առավոտյան 8.30 մտնում եմ կապ, հետո մի ժամ ընդմիջում, իսկ 00.00-ին ատբոյ»: Օրական մոտ 5000-7000 դրամ է աշխատում, չի բողոքում եկամուտից՝ նշելով «ապրում ենք էլի»: Վարորդը պատմում է, որ այս աշխատանքի մեջ տարբերություն չկա՝ կին ես, թե տղամարդ, ոչ մի առավելություն. «պրազդնիկ չկա, պատվեր շատ ունեն, չեն կարող չքշել»: Մեքենայի անսարքությունները, եթե բարդ բաներ չեն, անձամբ է նորոգում, օրինակ՝ անիվ փոխել եւ այլն, այդ պատճառով էլ աշխատանքի դուրս գալուց 5 րոպե անց ձեռքերը սեւ են: Նա մի քանի անգամ վթարի է ենթարկվել, մի անգամ իր մեքենային են հարվածել եւ փախչել, մի անգամ ինքն է հարվածել, սակայն «աչքը չի վախեցել»: «Ոչ մի բանից չեմ վախենում, մենակ ավտոն չփչանա, քշեմ հանգիստ»,- ասում է նա:

Ամուսնուց բաժանվել է, մեքենան էլ՝ վաճառել
Ալյոնան ամուսնալուծված է: Պարզվում է, նրա շինարար-բրիգադիր ամուսինն էր խորհուրդ տվել բանկից վերցնել վարկ, գնել մեքենա եւ դառնալ տաքսու վարորդ: Այդպես էլ վարվեց, սակայն այժմ ոչ ամուսինը կա, ոչ էլ գնած մեքենան, ամուսնուց բաժանվել է, մեքենան էլ՝ վաճառել: Ալյոնայի խոսքով՝ ամուսնալուծության պատճառը իրար չհասկանալն էր, ամուսնու խանդոտ լինելը: Երեւի սկզբից ամուսինը չէր պատկերացրել, թե դա ինչ աշխատանք է: «Անձնական կյանք չկա, մոտ ապագայում կարող է, բայց հիմա՝ չէ, եթե առավոտ դուրս ես գալիս քշելու, իրիկուն տուն ես գնում, էլ ի՞նչ անձնական կյանք, ոչ մի բան չես կարողանում անես, գնում ես, քնում ես, ամբողջ ժամանակ ղեկին ես»:

Նա ունի 10-ամյա որդի, ով Պուշկինի անվան դպրոցում է սովորում: Ալյոնայի հայրը, ով ծագումով Հայաստանից էր, մահացել է: Ինքը ապրում է մոր հետ: Ալյոնան պատմում է, որ որդին լավ է վերաբերվում իր աշխատանքին: Նա չի հասցնում տան գործերով զբաղվել, կարող է շաբաթը մի անգամ որդու օրագիրը նայել:
Հ.Գ. Ալյոնան չի սիրում նվերների մասին խոսել եւ այդպես էլ չասաց, թե որն է ամենացանկալի նվերը մարտի 8-ի առթիվ, բայց շեշտեց, որ շատ է սիրում ծաղիկներ:

Ինգա Մարտինյան











