Մարտունի քաղաքի հանրահավաքում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել: Երբ կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը խոսել է «ներքին թուրքերի» մասին, որոնք ղեկավարում են հայ ժողովրդին, բնակիչներից մեկը պոռթկացել է եւ ամբոխի միջով առաջացել դեպի Հովհաննիսյանն ու Հակոբյանը: «Ինքներդ եք թուրք: Ամոթ ձեզ: Խորհրդային ժամանակներում մեր շրջանում ոչ մի ադրբեջանցի չկար... Ձեր խորհրդարանում թուրքեր փնտրեք»:

Ամբոխի արձագանքն ակնթարթային է եղել. Ելույթ ունեցողի հետ վեճ է ծագել, որը սպառնում էր վերածվել ծեծկռտուքի: Րաֆֆի Հովհաննիսյանը, մոտենալով վիճողներին,  իրարից բաժանել է, այնուհետեւ, վերադառնալով իր տեղը, ներկաներին խնդրել է չտրվել սադրանքներին: «Մեր հանդիպումներին սադրիչների են ուղարկում, մի տրվեք սադրանքների: Մենք թույլ չենք տա կատարել առաջադրանքը»,–ասել է նա:

Վրրդովված քաղաքացուն հավաքվածներից հեռացրել է ոստիկանությունը: Ներկայանալու մեր խնդրանքին ի պատասխան նա նշել է, որ Արցախյան պատերազմի վետերան է, այդ պատճառով թուրքերի մասին խոսքը չկարողացավ ներել: Բայց, հանրահավաքի այլ մասնակիցների խոսքով, նրան այդտեղ էր ուղարկել ՀՀԿ-ական պատգամավոր, մարտունեցի  Հակոբ Հակոբյանը: