Ազատության հրապարակում ոստիկանությունը խոչընդոտել է «Ժառանգություն» կուսակցության ակտիվիստների փորձը` վրան տեղադրել նախագահի նախկին թեկնածու, կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի համար:
Ոստիկանությունը հայտնել է, թե Ազատության հրապարակը պատմամշակութային արժեք է եւ արգելվում է ասֆալտի վրա վրան տեղադրել: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ բանակցություններ են վարում Հովսեփ Խուրշուդյանն ու Ռուբեն Հակոբյանը:
Հացադուլի վայրում ներկա է մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչը, ով հայտնել է, որ ոստիկանների գործողություններն իրավաչափ չեն եւ հակասում են մարդու իրավունքներին:
«Ես թույլ չեմ տալիս, թող դիմեն ՏԻՄ մարմիններին: Եթե ոստիկանության գործողությունները օրինաչափ չեն, թող բողոքարկեն դատարան»,- հայտարարեց Վալերի Օսիպյանը:
Ի պատասխան Ստեփան Սաֆարյանը հայտնեց, որ իրենք տեղադրեն, թող ոստիկանները դիմեն դատարան` բողոքարկելով իրենց գործողությունները:
Տարածքում մեծ բազմություն է հավաքված, մարդիկ ակտիվորեն դժգոհում են ոստիկանության գործողություններից: Ռուբեն Հակոբյանն անընդհատ կոչ է անում չտրվել սադրանքների եւ վեճի մեջ չմտնել ոստիկանների հետ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











