Հարբած խուլիգանը Ռուսաստանում ոստիկանին մեքենայի վրա մի կիլոմետր քարշ է տվել: Միջադեպը տեղի է ունեցել Կոմի Հանրապետությունում, Եվմա քաղաքի արագընթաց մայրուղու վրա: Ճանապարհային ոստիկանի ուշադրությունը գրավել է KIA մակնիշի մեքենայի վարորդի տարօրինակ պահվածքը:

Ոստիկանները կանգնեցրել են կասկածելի մեքենան եւ խնդրել վարորդին դուրս գալ եւ ալկոթեսթ հանձնել, որը նրա արյան մեջ ալկոհոլի մեծ քանակություն է բացահայտել: Դրանից հետո Վլադիմիր Ե.-ն գնացել է մեքենայի մոտ, նստել եւ սեղմել գազի ոտնակը: Ավագ լեյտենանտ Իվան Պորտնյագինը բռնել է մեքենայի դռան բռնակը, սակայն Վլադիմիրը շարունակել է ընթացքը:

Վարորդը մեկ կմ քշել է` հընթացս փորձելով մեքենայի վրայից նետել ոստիկանին: Վերջինս դիմադրել է, սակայն, ի վերջո, ստիպված է եղել բաց թողնել մեքենան եւ ընկել է ճանապարհին:

Հարբած վարորդին բռնել են, նրան հանել են մեքենայից` կոտրելով ապակին, իսկ ոստիկանը գտնվում է հիվանդանոցում` ուղեղի ցնցում եւ սալջարդ ախտորոշմամբ: