Նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանին քիչ առաջ Բաղրամյան պողոտայից բերման են ենթարկել ոստիկանություն:
Մինչ այդ նա բարձրախոսով դիմել է Բաղրամյան պողոտայի սկզբնամասում հավաքված ցուցարարներին եւ հայտարարել, որ ով ցանկանում է, կարող է հետեւել Րաֆֆի Հովհաննիսյանին եւ Մոսկովյան փողոցով գնալ Ծիծեռնակաբերդ, իսկ ովքեր չեն ցանկանում հեռանալ եւ ինքնաբուխ հավաք են իրականացնում, կարող են միանալ իրենց եւ նստացույց սկսել հենց այստեղ:
Դրանից քիչ հետո ներկաները նկատել են, որ Անդրիաս Ղուկասյանին ոստիկանները տարան:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ոստիկանությունը թույլ չի տալիս ընդդիմության երթի մասնակիցներին բարձրանալ Բաղրամյան պողոտայով: Մի պահ ոստիկանության եւ երթի մասնակիցների միջեւ հրմշտոց է սկսվել, սակայն ավելի ուշ այն հանդարտվել է:
Ոստիկանությունը ցուցարարներին 15 րոպե ժամանակ է տվել պողոտան ազատելու համար, սպառնալով, որ 15 րոպե հետո բախումներն անխուսափելի կարող են լինել: Հավաքվածները այդ հայտարարությանն արձագանքել են սուլոցներով:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











