Ծիծեռնակաբերդից ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը դուրս է եկել «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Երբ NEWS.am-ի թղթակիցը հարցրել է, թե ուր են գնում, Վլադիմիր Գասպարյանը պատասխանել է, թե չի ասի: Հարցին, թե ինչո՞վ է ավարտվելու այսօր ոստիկանների եւ ընդդիմության կողմնակիցների միջեւ, ինչպես նաեւ քաղաքում ստեղծված իրավիճակը, Վլադիմիր Գասպարյանը հակիրճ պատասխան է տվել. «Խաղաղությամբ»:
Ինչ վերաբերում է Արմեն Մարտիրոսյանին ոստիկանության բերման ենթարկելու մասին լուրերին, ոստիկանապետն ասել է, որ ոչ մեկին չեն ձերբակալել, իսկ եթե ինչ-որ մեկին բերման են ենթարկել, դա դեռ չի նշանակում, որ ձերբակալել են: Դիտարկմանը, թե նա թեկնածու է, «Բարեւ Երեւան» դաշինքն է ղեկավարում, ոստիկանապետն արձագանքել է, որ Արմեն Մարտիրոսյանը տուն է գնացել, իսկ ավելի ուշ ավելացրել է, որ Արմեն Մարտիրոսյանի հետ կապված խնդիրներ են առաջացել եւ նրա իրավունքները պաշտպանելու համար մի քանի րոպե մնացել է ոստիկանական բաժանմունքում եւ մի քիչ հետո տուն կգնա:
Ինչ վերաբերում է Բաղրամյան պողոտայում ոստիկանների գործողություններին, ոստիկանապետը դա օրինաչափ է գնահատել եւ շեշտել, որ բիրտ ուժ չի եղել: «Առավոտի» լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը նկատել է, որ ինքը տուժել է, ինչին ի պատասխան ոստիկանապետը հորդորել է դիմել իրավապահ մարմիններին: NEWS.am-ի թղթակիցը ոստիկանապետից հետաքրքրվել է, թե ինչ է պատրաստվում անել Բաղրամյան պողոտայում, քանզի ցուցարարներին 15 րոպե ժամանակ էին տվել՝ պողոտան ազատելու համար, Վլադիմիր Գասպարյանը պատասխանել է. «Եթե անցնում են գործողությունների խաղաղ ընթացքը, եթե տեսնում ենք, որ հնարավոր է, ոչ խաղաղ գործողություններ լինեն, այդ մասին պետք է նախօրոք հայտարարել, իրազեկել եւ ուղղորդել»: Լրագրողների հարցին, թե քանի ոստիկան է տուժել բախումից, նա ասել է, որ մեկին լրագրողներն անձամբ են տեսել, իսկ երկուսի մասին զեկուցել են, բայց դեռ ինքը անձամբ նրանց հետ չի խոսել:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











