«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ է արել բացառել սադրանքներն ու արյունը: Այս մասին նա հայտարարել է անսպասելիորեն ժամանելով Բաղրամյան պողոտա, որտեղ հավաքված են իր կողմնակիցները:
Նրա խոսքով՝ պայքարը հաջողությամբ շարունակվում է, սակայն քանի դեռ ինքը կա, թույլ չի տա, որպեսզի հայը հայի վրա ձեռք բարձրացնի: Հովհաննիսյանը շարունակում է բանակցություններ վարել ոստիկանության ղեկավարության հետ՝ հույս ունենալով, որ իրեն թույլ կտան անցնել Բաղրամյան պողոտայով:
Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների մի մասը նրա հետ միասին Մոսկովյան փողոցով բարձրացել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, իսկ մյուս մասը մնացել էր Բաղրամյան պողոտայում՝ ոստիկանական շղթայի դեմ հանդիման:
Ցուցարարների եւ ոստիկանության միջեւ հրմշտոց եւ լարվածություն էր առաջացել, բայց ավելի ուշ այն հանդարտվել էր: Ոստիկանությունը 15 րոպե ժամանակ էր տվել հավաքվածներին՝ Բաղրամյան պողոտան ազատելու համար, ինչին ներկաներն արձագանքել էին սուլոցներով: 15 րոպեն վաղուց լրացել է, սակայն ոստիկանությունը որեւէ ուժային միջոց չի կիրառել:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am











