ՀՀԿ գործադիր մարմնի նիստում կադրային հարց չի քննարկվել, այդ թվում վարչապետի փոխության: Այս մասին, այսօր` ապրիլի 11-ին,  ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ կադրային հարցերը կքննարկվեն օրենքով սահմանված ժամկետում:

Նրա փոխանցմամբ՝ նիստում քննարկել են ներկուսակցական հարցեր, որոնք հիմնականում վերաբերել են Երեւանի ավագանու ընտրություններին: Շարմազանովը նշեց, որ քարոզարշավի ընթացքը բավարար են  գնահատել՝ հավելելով, որ իրենց մարտավարությունն ուղղված է, ոչ թե ինչ-որ մեկի դեմ, այլ՝ հանուն: «Հանուն ավելի լավ Երեւանի եւ հարենակիցների խնդրի լուծման. Իսկ այն մարտավարությունը, որն ընտրել է Տարոն Մարգարյանը, արդարացված է: Իսկ այն, որ ՕԵԿ-ը, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ «Բարեւ Երեւանը» կքննադատեն, դրանից մի զարմացեք, քանի որ այս ընտրություններում պայքար կգնա ոչ միայն Երեւանի բնակչության մեծամասնության քվեին արժանանալու համար, այլեւ՝ ընդդիմադիր էլեկտորատին տիրանալու համար: Այդ իմաստով, տեսնում ենք  շատ լուրջ փոխհրաձգություն, ոչ իշխանական տարբեր քաղաքական ուժերի միջեւ: ՀՀԿ-ն խաղաղության աղավնին է»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Ապրիլի 9-ին Երեւանի փողոցներում տեղի ունեցած զարգացումները եւս ՀՀԿ ԳՄ նիստում չեն քննարկվել, իսկ Սերժ Սարգսյանի տրամադրությունն, ըստ Շարմազանովի, շատ բարձր է եղել: «Նախագահն, ի տարբերություն որոշ ընդդիմադիր եւ ոչ ընդդիմադիր այլընտրանքային գործիչների, իր կյանքով է ապացուցել, որ ինքը տրամադրության մարդ չէ, այլ պետական գործիչ է եւ առաջնորդվում է, ոչ թե տրամադրությամբ, պահի ազդեցությամբ, այլ պետական շահի գերակայությամբ»,- ասաց  էդուարդ Շարմազանովը:  Նրա խոսքով՝ ապրիլի 9-ին մեր հասարակության մեծամասնությունը, ինչու չէ, ընդդիմության լիդերը, ցույց տվեցին, որ իրենք գնում են, ոչ թե ցնցումների, այլ երկխոսության ճանապարհով: «Փառք ու պատիվ թե’ մեր հասարակությանը, թե’ ուժային կառույցներին, ինչու չէ, նաեւ Վլադիմիր Գասպարյանին»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:

Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի Մոսկվա այցին, նա հիշեցրեց, որ կատակով արձագանքել է «Չերեզ Մոսկվա՝ Վաշինգթոն»: Նա նաեւ ավելացրեց, որ կգան էլ, կգնան էլ, եւ պետք  չէ դրանից զարմանալ: Ինչ վերաբերում է իշխանության դեմքի փոփոխությանը, ՀՀԿ մամուլի քարտուղարն ասաց, որ իշխանության դեմքի փոփոխություն ասելով նկատի ունեն ոչ թե մեխանիկական, այլ բովանդակային փոփոխոխությունները: