ՀՀԿ նախընտրական շտաբը հերքել է մամուլում շրջանառվող լուրերը, թե Երեւանի ավագանու ընտրությունների շրջանակներում երեկ` ապրիլի 12-ին Նոր Նորքում կայացած հանդիպումը ձախողվել է:

«Այսօր լրահոսում տեղ գտած «Հանդիպումը տապալվեց» լուրի նկարագրությունն ու որոշների նեղ անձնական ցանկությունները  իրականությունից շատ հեռու են, իսկ իրականությունն այն է , որ Տարոն Մարգարյանի եւ ավագանու թեկնածուների հանդիպումները Նոր Նորք վարչական շրջանի բնակիչների հետ անցել է սպասվածից շատ ավելի լավ` անկախ եղանակային ոչ բարենպաստ պայմաններից»,- նշել են շտաբից` ներկայացնելով նաեւ հանդիպման տեսագրությունը:

Ինչպես նշել էր «Հրապարակ» թերթը, Հանրապետական կուսակցությունը երեկ հերթական անգամ ոտքի էր հանել ուսուցչական կոլեկտիվներին` նրանց իրենց կամքին հակառակ ներքաշելով նախընտրական քարոզարշավի մեջ: Երեկ Ջրվեժ, Նոր Նորք համայնքների հերթն էր:

«Հանդիպումը մեկնարկել էր Ջրվեժ համայնքից: Սակայն Նոր Նորքում այն կիսատ էր մնացել անբարենպաստ եղանակի պատճառով: Նորքի 8-րդ զանգվածում ուսուցիչներին հրահանգել էին «Արծիվ» կոչվող արձանի մոտ սպասել Տարոն Մարգարյանին, սակայն տեւական ժամանակ սպասելուց հետո, երբ անձրեւը հորդացել էր, ուսուցիչներին տուն էին ուղարկել, ինչից րոպեներ անց ժամանել է Տարոն Մարգարյանն ու սակավաթիվ մարդկանց մոտ մի քանի նախադասություն արտասանելուց հետո հեռացել:

Նախատեսված է եղել  անձրեւի դեպքում հանդիպումը տեղափոխել դպրոց, սակայն հետո փոշմանել են եւ մի քանի րոպեում «գլխառադ են արել» քարոզարշավը: Դա մեծ ուրախություն է պատճառել մանկավարժներին, ովքեր հակառակ դեպքում պետք է ժամերով պարտադրված ունկնդրեին քաղաքապետի թեկնածուի խոստումները»,- գրել էր թերթը: