Հայաստանն այժմ աննախադեպ թույլ վիճակում է հայտնվել, քանի որ առաջիկա 4 տարիներին չեն լինելու ընտրություններ, ժողովուրդը հավատը կորցրել է եւ արտագաղթողների թվի մեծացումը կարող է սպառնալիքներ ստեղծել Հայաստանի համար: Այս մասին, այսօր՝ մայիսի 6-ին, մամուլի ասուլիսում նշել է «Բարեւ Երեւան» դաշինքի ներկայացուցիչ, «Ժառագնության» անդամ Ստյոպա Սաֆարյանը:
«Այս ընտրությունները պարզապես անազնիվ ճանապարհով բերված քվեների միջոցառում էր: Եթե բոլոր քվեաթերթիկները ծալված են միաձեւ՝ նշանակում է, որ ինչ որ մեկը նրանց ուղղորդել է»,- համոզված է Սաֆարյանը:
Նա ասաց, որ այս ընտրություններում ոչ միայն միջադեպեր եղան «Բարեւ Երեւան» դաշինքի ներկայացուցիչների նկատմամբ, այլեւ ընտրությունների օրը տեղի ունեցան մի շարք խախտումներ. ուղղորդման ակնհայտ փաստեր, կուտակումներ:
«Հասարակությունը, կաշառք վերցնելով, ոչ միայն պատժեց իրեն, այլեւ՝ ընդդիմադիր ուժերին»,- արձանագրել է Սաֆարյանը:
Նա ընդունում է, որ ցանկալի կլիներ, եթե ընտրություններից առաջ կազմավորվեր ընդդիմադիր ուժերի ներկայանալի դաշինք, որը տարբեր պատճառներով չստացվեց:
«ԲՀԿ-ի ներկայացուցիչն ընտրատեղամասի ներսում խաղում էր ընդդիմության խաղի կանոններով, իսկ դրսում՝ ՀՀԿ-ի: Իսկ այժմ ԲՀԿ-ի հետ «Բարեւ Երեւան»-ի համագործակցության առումով մի խնդիր կա, թե որ դաշտում է աշխատելու ԲՀԿ-ն»,- ասել է Սաֆարյանը:
Նա համոզված է, որ պետք է հասկանալ, թե այն դիտորդական կազմակերպությունները, որոնք իրականում եղել են տարբեր կուսակցությունների համակիրներ, ինչ մոտիվացիաներով են գործել:
«Բարեւ Երեւան»-ի քիչ ձայների պատճառը նաեւ անվանափոխությունն էր: Շատերն են զանգում ինձ ու ասում, որ գնացել են ընտրության, քվեաթերթիկում չգտնելով «Ժառանգության» անունը՝ բոլորի վրա խաչ են քաշել ու դուրս եկել: Նախընտրական շրջանում փողոցում ինձ հանդիպած 10-ից 3-ը նշան էին տալիս, որ «Բարեւ Երեւանին» են ընտրելու»,- պատմել է Սաֆարյանը:
Նա համոզված է, որ ընտրողները գիտակից են եւ քաղաքական գործիչներից էլ լավ հասկանում են, թե ինչ է կատարվում եւ ցանկության դեպքում կարող են նպաստել, որ խախտումները արձանագրվեն, ինչպես դա եղավ կաշառքի «կարուսելի» մեթոդը կիրառած մարդու դեպքում:
«Ժողովուրդն իրեն ուժեղ է զգում, երբ ինչ որ մեկն իրենց կողքին է կազմում: Ժողովրդին միայն քաղաքական տեքստերով չեն կերակրի»,- ասաց Սաֆարյանը:











