Սուրեն Ստեփանյան, բժշկական ծառայության ավագ լեյտենանտ, զորակոչվել է 1942 թվականին: Կռվել է մերձբալթյան եւ բելառուսական երրորդ ճակատներում: Ճակատային բժիշկ Սուրեն Ստեփանյանը բազմաթիվ պարգեւների է արժանացել, այդ թվում 1-ին, 2-րդ եւ 3-րդ աստիճանի «Կարմիր աստղ» շքանշանների, ինչպես նաեւ «Առողջապահության գերազանցիկ»-ի կրծքանշանի:
Սուրեն Ստեփանյանն իր հիշողություններն է կիսել NEWS.am-ի թղթակցի հետ:
Նա կարմիր դիպլոմով ավարտել է Երեւանի բժշկական տեխնիկումը, որտեղից էլ գործուղվել է այդ ժամանակ Քանաքեռում (այն ժամանակ` Երեւանի արվարձան) տեղակայված Կրասնոդարի գնդացիր-ականանետային ուսումնարան: Պատրաստվելուց հետո մեկնել է Վետեբսկի ճակատ:
«Մեր դիվիզիան նախապես անվանվել է Առաջին պրոլետարական: Սմոլենսկի եւ Մինսկի մարտերից հետո այն անվանափոխվել է Առաջին մոսկովյանի, այնուհետեւ` Մինսկի դիվիզիայի: Սկզբում ես ցանկանում էի ծառայել հայկական դիվիզայում, բայց կյանքը ցույց տվեց, որ դիվիզիան, որտեղ ես հայտնվել էի, լավագույններից մեկն էր: Գնդում ընդամենը երեք հայ կար: Մինսկում փողոցներից մեկն ի պատիվ մեր դիվիզիայի են անվանել: Բելառուսցիները շատ են տուժել ֆաշիզմից, պատերազմից, սակայն բարի կամքն ու լավատեսությունը չեն կորցրել»,- պատմել է վետերանը:
Առաջին պրոլետարական, Մոսկովամինսկյան դիվիզիան առաջինն է մտել Գերմանիայի տարածք. «Մենք Գերմանիա մտել ենք Պրուսիայի կողմից եւ դիվիզիայի ողջ կազմին շնորհակալագրեր են տրվել: Բայց ահա Ժուկովն ավելի ուշ է մտել, նա գործում էր Բեռլինի կողմից»:
Սուրեն Ստեփանյանի խոսքով` Քյոնիգսբերգի գրավումը դժվար է եղել. «Մոտ երկուսուկես ամիս մենք չէինք կարողանում առաջ գնալ արվարձաններից: Քաղաքն ամբողջությամբ ջրային պատնեշներով էր շրջապատված: Իսկ անտառում` գետնի տակ զենքի թաքստոցներ եւ ապաստարաններ կային: Արդեն հետո, երբ սկսվել էր քաղաքի ռմբակոծումը, պաշտոնապես հայտարարել են 700 ինքնաթիռների մասին, սակայն կարծում եմ` այնտեղ հազարից ավելի ինքնաթիռ է եղել (անգլիական ավիացիա): Քաղաքի պարետ Օտտո ֆոն Լյաշը չէր հանձնվում: Եւ քաղաքում շատ դավաճաններ կային: Բայց, այնուամենայնիվ, ապրիլի 6-ի գիշերը նրանք ներկայացան սպիտակ դրոշով եւ հանձնվեցին»,-պատմել է նա:
Այնուհետեւ գրավվեց Պիլաուն: Այստեղ կորուստը քիչ էր. «Բայց Պրեգոլյա գետի ափին շատ մարդիկ են սպանվել: Այնուհետեւ մենք սպասում էինք Բեռլինի վրա հարձակմանը, բայց պատերազմն ավելի վաղ ավարտվեց: Իսկ Գերմանիայում ես եղել եմ նաեւ Գերինգի ամառանոցում»:
Ամենասարսափելի չարիքներից մեկը որովայնային տիֆն էր. «Ամբողջ ամիս մեզ ճակատ չէին թողնում, խստագույն ձեւով կարանտին էր պահպանվում: Մեզ` ինձ եւ իմ աշխատակիցներին, հաջողվեց կազմակերպել օրինակելի կարանտին: Ուրիշ բուժկետների բժիշկները գալիս էին` փորձ ստանալու»:
«Ճակատում իսկապես արժանի հերոսներ են եղել, ես ինձ այդպիսին չեմ համարում: Հարեւանի աղջիկն ինձ մի օր հարցրել է` քանի գերմանացի եմ սպանել, որ այսքան պարգեւներ ունեմ: Դրան ես պատասխանել եմ` ես մարդասպան չեմ եւ ոչ ոք ճակատում մարդասպան չէ: Իմ հաճախորդների շարքում գերմանացի ռազմագերիներ էլ կային: Եթե գերիներն ավելի ծանր վիճակում էին գտնվում, ապա նրանց ավելի շուտ էին վիրահատում: Դա իմ` որպես բժշկի պարտականությունն էր: Շատ սրսափելի բան եմ տեսել պատերազմում, բազմաթիվ անգամ ընկել կրակահերթի տակ: Բայց վախի զգացում չի եղել»,- ամփոփել է իր պատմությունը վետերանը:
Պատերազմից հետո Սուրեն Ստեփանյանն աշխատել է գնդային բուժկետում, այնուհետեւ անցել է քաղաքացիական ծառայության:











