Շատ ուրախ եմ եւ տրամադրությունս շատ բարձր է, շնորհակալ եմ բոլոր երեւանցիներին, որ ակտիվորեն մասնակցեցին Երեւանի ավագանու ընտրություններին: Այս մասին, այսօր` մայիսի 7-ին, ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: «Ես նաեւ շնորհակալ եմ այն երեւանցիներին, ովքեր իրենց քվեն չտվեցին մեզ: Վստահ եմ իրենց սպասելիքները եւս մենք կարդարացնենք»,- ասաց Տարոն Մարգարյանը:

Արձագանքելով հարցին, թե ՀՔԾ-ն ուսումնասիրում է իր հայտարարագիրը, նա ասաց. «Էտի որն է», ապա շարունակեց, որ իրեն չի անհանգստացնում դա, քանի որ ինքն ինչ ունի, հստակ իր հայտարարագրի մեջ գրել է: «Թող մտածեն այն մարդիկ, ովքեր ինչ ունեն, չեն գրել»,- ասաց Տարոն Մարգարյանը՝ հավելելով, որ պատրաստ է լսել իրեն քննադատող ուժերի առաջարկները:

Դիտարկմանը, որ երեկվանից Փակ շուկայում առանց նախագծի շինարարություն է իրականացվում, քաղաքապետն ասաց, որ ինքն արգելել է վերգետնյա շինարարությունը եւ արձանագրություն կա կազմված. «Մենք բազմիցս ենք հայտարարել, որ մինչեւ չլինի նախագիծը եւ ճարտարապետների կարծիքը, թույլ չենք տա»:

Հարցին, թե ինչով է բացատրում թաղային հեղինակությունների ակտիվացումը ընտրություններին, Տարոն Մարգարյանն արձագանքեց. «Բոլոր երեւանցիները քաղաքի բնակիչներ են եւ բոլորն էլ իրենց մասնակցությունը ցանկացել են ունենալ»: