Մասնագիտությամբ շինարար Նիկոլայ Գրիգորյանը այն մարդկանց թվում էր, ովքեր ինքնակամ մեկնել էին պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի բնակչությանը ադրբեջանական վարձկանների եւ բանդաների զինված հարձակումներից: Նիկոլայ Գրիգորյանը, ով Շուշիի ազատագրման օպերացիայի մասնակիցներից է, իր հիշողություններով կիսվում է NEWS.am-ի ընթերցողների հետ:
«Կարծում եմ` ամեն ինչ սկսվել է դաստիարակությունից: Հայրս ծնունդով Կարսից էր: Թուրքերի կողմից կազմակերպված կոտորածներից փախչելով` կորցրել է ծնողներին եւ մեծացել Լենինականի մանկատանը` Հովհաննես Շիրազի հետ միասին: Հայրս Հայրենական Մեծ պատերազմի մասնակից էր, երկրորդ կարգի հաշմանդամ: Նա մեծ հայրենասեր էր»,-ասել է Նիկոլայ Գրիգորյանը: Գրիգորյանների ընտանիքում եղել է 11 երեխա. «Այն ժամանակ ընտանեկան անսամբլներ կային: Մենք ելույթ էինք ունենում հեռուստատեսությամբ, մեկնել ենք Մոսկվա»:
Ղարաբաղյան շարժման մեկնարկի պահին Նիկոլայ Գրիգորյանն արդեն երկու երեխաների հայր էր. «Այն ժամանակ ոչ ոք չէր մտածում, որ Խորհրդային Միությունը կտապալվի: Ընդհանուր առմամբ, հանրահավաքին պատահաբար հայտնվեցի: Տեղի ունեցողի գիտակցումն ու հայրենասիրության արթնացումն աստիճանաբար տեղի ունեցավ: Հետո տեղի ունեցան Բաքվի եւ Սումգայիթի դեպքերը: Ուրախ եմ, որ նույն բարբարոսությամբ չպատասխանեցինք, թեեւ այն ժամանակ Հայաստանում դեռեւս ապրում էին ադրբեջանցիներ»:
Գրիգորյան 5 եղբայրներից 4-ը մարտական գործողությունների անմիջական մասնակից են: Նրանցից երկուսն արդեն ողջ չեն. պատերազմի հետեւանքներն ասացին իրենցը: Բոլոր 4-ն էլ Հայ ազգային բանակի մարտիկներ են եղել: Ընտանիքի կանայք թեեւ անմիջականորեն չեն մասնակցել մարտական գործողություններին, սակայն բարոյական աջակցություն են ցուցաբերել:
ՀԱԲ ստեղծումից հետո սկսվեց ջոկատների ձեւավորումը. «Մարտական մկրտությունս ստացել եմ Երասխի ազատագրման եւ պաշտպանության ժամանակ: Հրանից հետո ուղարկվեցի Գորիսի շրջան, որտեղ մոտ մեկ տարի մնացի: Գիտակցելով երկրի համար ստեղծված վտանգավոր վիճակը, մեր ջոկատի մյուս մարտիկների հետ կամավորագրվեցինք «Երկրապահում» եւ շարունակեցինք սահմանի պաշտպանությունը: Ընտանիքս կտրականապես դեմ էր մասնակցությանս: Հերոսուհի-մայրս փորձում էր համոզել ինձ, բարկանում էր: Նա վախենում էր կորցնել զավակներին, սակայն հասկանում էր, որ երկրի սահմանները նույնպես պետք է պաշտպանել»:
Ստեփանակերտում նախապատրաստություն անցա: Եկավ մայիսի 7-ը. «Լուսաբացին շարժվեցինք Շոշ գյուղի ուղղությամբ: Գնում էինք քարանձավներով: Բարձրացանք ամրոցի ձախակողմյան զառիվերով` առանձին ջոկատներով: Ես այն մարդկանց թվում էի, ովքեր առջեւից էին գնում: Ադրբեջանցիները 100 անգամ ավելի լավ դիրքում էին, քաղաքը կարելի էր պահել սուրջ խմելով եւ ժամանակ առ ժամանակ մեր ուղղությամբ կրակահերթ թողնելով: Ներքեւից հակառակորդն անգամ չէր էլ երեւում: Ծանր մարտ էր: Օրվա ընթացքում մեզ վրա ինքնաթիռով գրոհելու փորձ արվեց: Մերոնք նրանց հենակետերին հրթիռների հարվածներով էին պատասխանում»:











