Այսօր՝ ժամը 15:42-ին, «Հետքի» լրագրող Անի Հովհաննիսյանին զանգահարել են ՌԴ-ում գրանցված բջջային հեռախոսահամարից եւ սպառնացել, որ եթե նա շարունակի «քիթը խոթել» այնտեղ, որտեղ պետք չէ, ոչ միայն իր, այլեւ ընտանիքի անդամների համար շատ վատ կլինի:
Լրագրողի հարցին, թե ինչի մասին է խոսքը, սպառնացողը պատասխանում է՝ դու գիտես, թե ինչի հետ է կապված: Նա նաեւ նշում է, որ գիտի, թե որտեղ են ապրում Անիի հարազատները եւ նրանց հարցերը լուծելը իր համար ընդամենը մեկ զանգի խնդիր է: «Թե չէ, Անի ջան, կհայտնվես փոսում կամ դու, կամ քո հարազատներից մեկն ու մեկը»,- ասում է սպառնացողը:
«Հետքը» դիմել է Հայաստանի իրավապահ մարմիններին՝ ձայնագրությունն ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին, ու խնդրում է ապահովել Անի Հովհաննիսյանի եւ նրա ընտանիքի անդամների անվտանգությունը:
«Հետքը» հանցագործության մասին նաեւ գրավոր հաղորդում է փոխանցել ՀՀ ոստիկանությանը՝ նշելով լրագրողին սպառնացողի բջջային հեռախոսահամարը եւ կցելով հեռախոսային խոսակցության ձայնագրությունը:











