Շատ բացասական երեւույթներ են խտացված տնակային ավաններում, որտեղ ապրող ընտանիքներում տղամարդկանց բացակայությունը կարծես թե կրում է համատարած բնույթ: Առավել ծանր է բազմազավակ ու մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքների վիճակը:
Տնակային ավաններում բնակվող երեխաների մեծ մասը դպրոցից հետո ուսումը որեւէ տեղ չեն շարունակում: Ավելին, բազմաթիվ ընտանիքների երեխաներ զրկված են նախակրթարաններ հաճախելու հնարավորությունից, իսկ դպրոցահասակներից շատերը կամ հաճախում են գիշերօթիկ, կամ դպրոց հաճախում են ոչ կանոնավոր: Այս ավաններում զգալի թիվ են կազմում նաեւ միայնակ մայրերի ընտանիքները:
Մեկ նախադասությամբ` աղքատության դեմքը եւս առավել ընդգծված ու ցայտուն երեւում է տնակային ավաններում, որտեղ հաճախակի էլ կարելի է հանդիպել ընտանեկան բռնությունների:
Ներկայացվող տեսանյութը տնակային ավանում բնակվող եւ անհաշտ ընտանեկան մթնոլորտի պատճառով դպրոց ոչ կանոնավոր հաճախող երեխաների ընտանիքի մասին է: «Շիրակ կենտրոնի» պատրաստած այս տեսանյութում, հասկանալի պատճառներով, մի փոքր ծածկված են դեմքերը, ինչպես նաեւ նշված չեն կացարանի հասցեն ու այլ տվյալներ, որոնք բնականաբար առկա են մեզ մոտ:











