Գյումրիում նորմալ վիճակ է, ոչ մի լարվածություն չկա: Այս մասին մի քանի լրագրողների հետ զրույցում Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացմանն ասաց Գյումրիի ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Նա նշեց, որ Գյումրիում շատ նորմալ վիճակ է, շինարարություն են սկսել, բոլոր ուղղություններով ասֆալտապատման, գծանորոգման աշխատանքներ են տանում: «Ամեն ինչ հանգիստ է, լավ է, լավ է լինելու, ամեն ինչ նորմալ է, ես որեւէ բան չեմ նկատում, ամեն բան նորմալ է: Գյումրիում ոչ մի կրիմինալ չկա, ասենք` տարբեր տեսակի լարվածություններ կան, բայց Գյումրին մշակույթի եւ սպորտի քաղաք է, չի կարելի վերագրել, թե Գյումրին  կրիմինալի քաղաք է,  այդ բառը խնդրում եմ հանեք ձեր լեքսիկոնից»,- նշեց քաղաքապետը:

Ի դեպ, Սամվել Բալասանյանը այդպես էլ չասաց, թե խոսել է Գյումրիի երկու հակամարտող կողմերի` Մարտուն Գրիգորյանի եւ Վարդան Ղուկասյանի հետ, հայտնելով, թե ինքը այդ թեմայով իր կարծիքը հայտնել է: Սամվել Բալասանյանի կարծիքով` նրանց հակամարտությունը կավարտվի: «Ինձ թվում է վերջ, որովհետեւ չի կարելի»,- նշեց նա: Դիտարկմանը, թե պարտադիր էր, որ Վլադիմիր Գասպարյանը գար հասներ Գյումրի, որպեսզի տարիներ տեւած հակամարտությունը ավարտվի, նա խնդրեց այդ հարցերը իրեն չուղղել:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am