Այսօր` մայիսի 14-ին, Աբովյան քաղաքում Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողության օրը նաեւ Գագիկ Ծառուկյանի կրտսեր որդու` Հովհաննեսի ծննդյան օրն է: Եկեղեցու բակում նրան մոտեցավ օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանը, գրկեց փոքրիկին, շնորհավորեց ծննդյան օրվա եւ եկեղեցու բացման կապակցությամբ: «Գիտես չէ՞ ում եկեղեցին է, քո ծնունդը շնորհավոր լինի»,-ասաց օլիմպիական չեմպիոնը:
Հովհաննեսը մի քանի լրագրողների հետ զրույցում նշեց, որ այսօր իր ծննդյան օրն է, 8 տարեկան է դառնում: Նա ասաց, թե եկեղեցին իր անունով են կոչել: Հովհաննեսն ասաց, որ դեռ չի հասցրել աղոթել եկեղեցում։
Ի դեպ, եկեղեցու օծման արարողության ժամանակ 8-ամյա Հովհաննեսը հաճախ էր ձանձրանում, ինչի հետեւանքով անընդհատ ցանկանում էր քնել:
Իսկ Գագիկ Ծառուկյանի մայրը` Ռոզա Ծառուկյանն ասաց, թե եկեղեցին իր սրտով է ոչ թե այն պատճառով, որ իր որդին է կառուցել, այլ որ Հիսուսի քավոր Հովհաննես Մկրտիչի անուն է կրում: Ռոզա Ծառուկյանի կարծիքով` տարիների ընթացքում մեր հավատքը գնում է ավելի խոր ակունքներ: Նա նշեց, որ գործի առումով աշխատել է Սյունիքի մարզում, բայց այն ժամանակ ընդհանուր առմամբ եկեղեցիները փակ էին, իսկ անկախության տարիներից հետո ինքը դարձյալ շարունակել է այնտեղ իր աշխատանքը: Գագիկ Ծառուկյանի մայրն ասաց, որ իր այցերի ժամանակ ամեն անգամ այցելում է այդ եկեղեցին եւ բավականին մեծ առաջընթաց է տեսնում: «Ես ուրախ եմ, որ Հայաստանում բուռն զարգացում է ապրում քրիստոնեությունը, դա ինձ տալիս է մեծ հավատ եւ աշխատանքի մեծ ավյուն: Խնդրում եմ Աստծուց աշխարհին խաղաղություն, միասնություն եւ բարեկեցիկ կյանք, ուրիշ ոչ մի բան»,- նշեց նա:











