Աբովյանում Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացման արարողությանը հավաքված ժողովուրդը հետեւում էր պատնեշներից այն կողմ: Օծման արարողության ավարտից հետո, երբ պաշտոնյաները հեռացան, այդ երկաթե ձողերը բացվեցին, ժողովուրդը կարողացավ մտնել ներս:
Եկեղեցու բակում «մատաղի սեղան» էր բացված: Օծման արարողությունից հետո Գագիկ Ծառուկյանը հոգեւորականների ուղեկցությամբ իջավ եկեղեցու բակ, մոտեցավ այդ սեղանին, որի դիմաց` պատնեշից այն կողմ, հավաքված էր ժողովրդի հոծ բազմություն: Գագիկ Ծառուկյանը, տեսնելով նրանց, ասաց. «Բացեք, բացեք, թող մարդիկ գան»:
Դրանից հետո պատնեշները բացվեցին, եւ սկսվեց իսկական «քաոսը», մարդիկ իրար հրշմտելով, միմյանց գլխի վրա թռնելով հասան սեղանի մոտ, ոմանք օգտվում էին, իսկ ոմանք` սեղանին դրված մթերքները լցնում պայուսակի մեջ:











