Արշակունյաց պողոտայում «Սպայկա» ընկերության տարածքում բռնկված խոշոր հրդեհի պատճառով ամբողջությամբ վնասվել է սառնարանային համալիրը (ֆոտոռեպորտաժ): Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը:

Վերջինս նշեց, որ սառնարանային համալիրը ապահովագրված է եղել: «Սառնարանային ամենամեծ եւ տեխնիկապես հագեցած համալիրն էր տարածաշրջանում` 15 հազար քառակուսի մետր տարածքով եւ ամբողջությամբ վնասվել է: Այլ տարածքներ չեն վնասվել»,- նշեց նա: Հարցին, թե որն է հրդեհի պատճառը, նա պատասխանեց, թե պատճառները  պետք է պարզեն մասնագետները: Փորձաքննությունը նաեւ կպարզի, թե որքան վնաս է հասցվել ընկերությանը. «Առաջին վերսիա չունենք, սպասում ենք մասնագետներին»:

Հարցին, թե որ ընկերությունն է ապահովագրել «Սպայկան», Կարեն Բաղդասարյանը նշեց, թե դա առեւտրային գաղտնիք է եւ չի պատասխանի այդ հարցին:

Բաժնի ղեկավարը հայտնել է, որ սառնարանային  համալիրում մթերված է եղել կարտոֆիլ Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերից, որոնք ընկերությունը գնել էր գյուղացիներից: «Սպայկան» պատրաստվում էր մթերել ծիրան եւ այդ կապակցությամբ մեծ քանակությամբ պլաստմասե եւ փայտե արկղեր են եղել, որոնք եւս այրվել են: Չեն այրվել ընկերության փաստաթղթերը, գրասենյակը եւս անվնաս է:

Նա նաեւ նշեց, թե այժմ աջակցության հարցերը քննարկման փուլում են եւ կոնկրետ որոշում դեռ չկան:

Հիշեցնենք, որ հրդեհը բռնկվել է մայիսի 15-ին, ժամը 23.58-ին, Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեում գտնվող «Սպայկա» ընկերությունում: Այսինքն հրդեհը շարունակվում է արդեն 14 ժամ:

Նախ հայտարարվել է հրդեհի բարդության «2-րդ», ապա բարդության «3-րդ» աստիճան: Նախնական տվյալներով այրվել է 3 հարկանի շինությունն ամբողջությամբ` 4500քմ մակերեսով: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 17 մարտական հաշվարկ, 3 ավտոսանդուղք, 1 գազածխապաշտպան ծառայության օղակ, 2 փրկարարական ջոկատ, հատուկ նշանակության փրկարար աշխատանքների իրականացման կենտրոնի անձնակազմից 110 հրշեջ-փրկարար եւ փրկարար, արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը։ Այսօր` ժամը 13:15-ի դրությամբ հրդեհը մեկուսացվել է, այժմ ընթանում է մարման փուլը: Փրկարարները շուրջ 14 ժամ պայքարում են կրակի դեմ:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am