Սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հակառակորդները, որոնք մայիսի 17-ի առավոտվանից հավաքվել էին Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում, իմանալով, որ գեյերի կողմնակիցները գտնվում են Պուշկինի պուրակում, կարողացել են ճեղքել ոստիկանների շղթան եւ շարժվել դեպի պուրակ:

Բախումներից տուժել է 17 մարդ, այդ թվում՝ լրագրողներ, 12 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է «Ռուսթավի-2» հեռուստաալիքը:

Մի քանի ժամում գրանցվել է մի քանի միջադեպ: Գեյերի  պաշտպանության ցույցի մասնակիցների մի մասը՝ ենթադրաբար  տասը հազարից ավելի մարդ,  թաքնվել են ավտոբուսներից մեկում, որոնք նախապես տեղակայվել էին Ազատության հրապարակում:  Հակընդդեմ ցույցի մասնակիցները վազել են ավտոբուսի հետեւից, երբ այն շարժվել է: Տուժել է մեկ մարդ:

Գեյերի հակառակորդները մինչեւ հիմա այնտեղ են: Պարբերաբար բախումներ են տեղի ունենում, երբ լուր է ստացվում այս կամ այն վայրում սեռական փոքրամասնության պաշտպանների գտնվելու մասին: Վերջին միջադեպը տեղի է ունեցել  մետրոյի «Ռուսթավելի» կայարանի մոտ, հայտնում է «Նովոստի Գռուզիան»:

Ավելի վաղ Վրաստանում  սկանդալային հայտնի հայր Բասիլը, որը  բանտ էր նստել Եհովայի վկաների եւ ավետարանչականների վրա հարձակման պատճառով, խոստացել էր «եղինջի հեղափոխություն» կազմակերպել սեռական փոքրամասնությունների համար:  Հայր Բասիլը եւ շուրջ 50 կանայք եղինջներով խմբվել  են Ռուսթավելի պողոտայում գտնվող խորհրդարանի շենքի մոտ, որտեղ պետք է տեղի ունենար սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանների ցույցը: 

Թբիլիսիի քաղաքապետարանը երկու  հանրահավաքն էլ արտոնել էր՝ սեռական փոքրամասնությունների պաշտպաններինը՝ Ազատության հրապարակում, եւ նրանց հակառակորդներինը՝ Ռուսթավելի պողոտայում: ՆԳՆ-ից խոստացել էին ապահովել երկու հանրահավաքների մասնակիցների անվտանգությունը: Մայիսի 17-ին նշվում է հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը: