Եթե Հայաստանի ներկա իշխանություններն ունակ չեն բավարարել իրենց ժողովրդի պահանջները եւ կյանքի համար նորմալ պայմաններ ստեղծել, թող հրաժարական տան: Այս մասին, այսօր՝ մայիսի 20-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Երեւան-Արմավիր մայրուղին փակած եւ բողոքի ակցիա իրականացնողներից մեկը: (ֆոտոռեպորտաժ)
Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, ով նույնպես մասնակցում էր գյուղացիների բողոքի ակցիային, խոստացավ, որ թեեւ գյուղացիները որոշել են դադարեցնել ակցիան, սակայն ինքը ամենավերջինը կհեռանա մայրուղուց:
«Մենք ուզում ենք, որպեսզի երկրի նախագահն ու վարչապետը կատարեն ժողովրդի պահանջը եւ համապատասխան միջոցառումներ ձեռնարկեն տարերային աղետների դեմ: Նրանք ունեն միջոցներ ամեն անպետք գործերի համար, իսկ սեփական ժողովրդի համար ոչինչ չեն անում»,-վրդովված ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:
Արմավիր գյուղի բնակիչներից մեկն էլ նշեց, որ ներկայումս իշխանությունը կանգնած չէ ժողովրդի կողքին: «Իշխանությունը, որը սեփական ժողովրդի դեմ ոստիկանություն է հանում, չի կարող ղեկավարություն կոչվել, այդպիսի իշխանությունը պետք է հեռանա»,-ասաց նա:
Մեկ այլ գյուղացի էլ հայտարարեց, որ իրենց պահանջները չկատարելու դեպքում՝, իրենք հաջորդ ակցիան կանցկացնեն նախագահի նստավայրի դիմաց:











