Լիբանանի հյուսիսի Տրիպոլի քաղաքում ալավիների եւ սունիների միջեւ բախումների զոհերի թիվը հասել է 11-ի, 150-ից ավելին տուժել են: Բախումները սկսվել էին մայիսի 19-ին: Տրիպոլիում կյանքը կաթվածահար է. պետհաստատությունները չեն աշխատում, կրթական հաստատությունները փակ են:
Լիբանանի ազգային տեղեկատվական գործակալությունը հայտնում է, որ մայիսի 23-ին քաղաքում սաստկացել է փոխհրաձգությունը: Լիբանանյան հեռուստատեսության ցուցադրած կադրերում երեւում է, որ բնակելի թաղամասերում կրակոցներ են, կան կիսավեր տներ: Կողմերը կիրառում են ականանետներ, նռնականետներ եւ խոշոր տրամաչափի գնդացիրներ:
Զոհերի թվում լիբանանցի երկու զինծառայողներ են, սունիական թաղամասերի յոթ բնակիչներ եւ ալավիների երկու ներկայացուցիչ: Հակամարտության գոտուց արձակված երեք հրթիռներ պայթել են պաղեստինցի փախստականների Ալ Բադաուի ճամբարի մոտ՝ վնասելով երեք մարդու:
«ՌԻԱ Նովոստին» հայտնում է. որ «Ֆաթհ» շարժման բջջի ղեկավարը, որը վերահսկում է ճամբարը, հայտարարել է, որ պաղեստինյան խմբավորումները չեն մասնակցում Տրիպոլիի մարտերին եւ կողմերին կոչ է արել «Ալ Բադաուին հակամարտության մեջ չներքաշել»:











