Գազի սակագնի բարձրացման հարցը հարկ է ուսումնասիրել հետեւյալ համատեքստում. Ինչպիսին էր իրական վիճակը եւ ինչ վերջնարդյունք եղավ բանակցությունների շնորհիվ: Այս մասին այսօր` մայիսի 28-ին, հայտարարել է Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:
Նախարարը տեսակետ է հայտնել, որ գազի սակագնի վերաբերյալ բանակցությունների վերջնարդյունքը բավական դրական է: «Համենայն դեպս, ստեղծված իրավիճակում գազի սակագնի թանկացումը, երեւի, մեր ստացած ամենադրական արդյունքն է», - ասել է Արամ Հարությունյանը` հավելելով, որ բնականաբար, նախատեսվում է նաեւ աշխատավարձերի եւ թոշակների բարձրացում (դրանք, իհարկե, 2013թ. պետբյուջեով նախատեսված չեն):
Ըստ Արամ Հարությունյանի` նախարարությունը կիրականացնի հատուկ պահպանվող տարածքների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանն ուղղված ծրագրեր: «2013թ. հատուկ պահպանվող տարածքների առումով մենք ունենք լուրջ ծրագրային լուծումներ, որոնք կհանգեցնեն եռամսյակային պարգեւավճարների, ինչպես նաեւ աշխատանքների ավելի արդյունավետ կազմակերպում», - եզրափակել է նախարարը:
Հիշեցնենք, որ նախնական հաշվարկներով՝ Հայաստանի բնակչությանը մատակարարվող գազի սակագինը 1 խմ-ի համար կկազմի 156 դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանի խոսքով` նման թիվը ստացվում է «ՀայՌուսգազարդի»՝ գազի սակագինը վերանայելու հայցն ուսումնասիրելու արդյունքում՝ նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառավարությունը երեսուն տոկոսով սուբսիդավորելու է գազի սակագինը:











