«Օգնել կարող ենք ամենքս» բարեգործական նախաձեռնության շրջանակներում ներկայացված Ստեփանավան քաղաքում բնակվող եզդի Խաթոյանների բազմանդամ ընտանիքն այլեւս տանիք ունի իր գլխին:
Շատերը կհիշեն այն մեծածավալ օգնությունը՝ սննդի, հագուստի, խաղալիքների ու գրենական պիտույքների տեսքով, որ տեսահոլովակի տարածումից հետո հավաքվեց ու տրամադրվեց Խաթոյանների ընտանիքին:
Օժանդակությունը, սակայն, չսահմանափակվեց այդքանով: Բացի վերը նշված պարենային ապրանքների տրամադրումից, նախաձեռնության շրջանակներում վանաձորցի մի կին 100 հազար դրամի չափով ֆինանսական առձեռն հատկացում արեց Խաթոյանների ընտանիքին: Ամենամեծ օգնությունը, սակայն, որն արվեց ընտանիքին, եղավ հենց եզդի համայնքի կողմից:
Սեփական հարկի տակ զավակներին համախմբելու եւ սեփական տանիք ունենալու Խաթոյանների այսքան տարիների ձգտումն իրականություն դարձա: Խաթոյաններն արդեն իրենց երկու սենյականոց բնակարանն ունեն Ստեփանավան քաղաքում՝ բոլոր հարմարավետություններով ու տնամերձ հողատարածքով:
Այս ամենն իրականություն դարձավ նախաձեռնության ղեկավար, լրագրող Էդվարդ Արզումանյանի եւ եզդի լրագրող Մարինա Սիյաբենդի համատեղ ջանքերի արդյունքում: Մարինա Սիյաբենդը հանձն առավ սկսել դրամահավաք՝ Խաթոյաններին բնակարանով ապահովելու համար: Կարճ ժամանակ անց դրամահավաքն իր արդյունքները տվեց, եզդիների շրջանում հավաքված գումարը բավարար եղավ բնակարան գնելու եւ դրան ընթացիկ օրենսդրական ու փաստաթղթային հարցերը լուծելու համար:
Անսահման էր նրանց ուրախությունը, բառերով երեւի թե դժվար կլինի նկարագրել երջանկության այն պահը, երբ ընտանիքն ստացավ բնակարանի բանալիներն ու ոտք դրեց դռան շեմից ներս: Մինչ բնակարանի ձեռքբերումը, նույն եզդի համայնքն արդեն այս ընտանիքին ֆինանսական օժանդակություն էր ցուցաբերել՝ շուրջ 300 հազար դրամի չափով: Այժմ Խաթոյաններն ապրում են սեփական բնակարանում, ունեն փոքրիկ տնտեսություն:
Այսպիսով, նրանց տանիքով ապահովելը, թերեւս, կարելի է համարել նախաձեռնության մեծագույն ձեռքբերումը, ինչի համար նախաձեռնությունը շնորհակալ է բոլոր նրանց, ովքեր ինչ-որ պահի աջակից ու կարեկից եղան այս ընտանիքին ոտքի կանգնելու եւ օգնելու գործին:
Հատկանշական է, որ Խաթոյանների ընտանիքին որոշակի դրամական օժանդակություն ցուցաբերելու, մասնավորապես 50 հազար դրամ գումարով օգնելու համար նախաձեռնության ղեկավար Էդվարդ Արզումանյանը դիմեց նաեւ Ստեփանավանի համայնքի ղեկավար Ղարաքեշիշյանին, եղավ հանդիպում, բանավոր պայմանավորվածություն, որի ընթացքում լրագրողը ներկայացրեց նախաձեռնության կողմից համայնքում իրականացված ահռելի գործի մասին, քաղաքապետը խոստացավ համայնքի անունից եւս օգնել թե Խաթոյաններին ու թե նախաձեռնության շրջանակներում համայնքում ներկայացվող մյուս ընտանիքներին: Սակայն մեծ է եղել զարմանքը, երբ նախաձեռնության գրավոր դիմումին ի պատասխան համայնքի ղեկավարից գրավոր մերժում են ստացել, պատճառաբանությամբ, թե իրենք միշտ են իրենց համայնքի բնակիչներին օգնել եւ հետագայում եթե կարիք լինի մեզ հետ համագործակցության, կտեղեկացնեն:
Համեմատության համար միայն նշենք, որ նախաձեռնության շրջանակներում Խաթոյանների համար հավաքվել եւ առձեռն տրամադրվել է միայն 400 հազար ՀՀ դրամ գումար, իսկ բնակարանի ձեռքբերման, փաստաթղթային ու մնացած այլ ծախսերի վրա ծախսվել է շուրջ 9000 ԱՄՆ դոլար:
Նախաձեռնությունը մեկ անգամ եւս շնորհակալություն է հայտնում Լոռիի մարզպետ Արթուր Նալբանդյանին եւ «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ տնօրեն Հարություն Անտոնյանին՝ աջակցության համար:
Լուսանկարը՝ Էդվարդ Արզումանյանի / NEWS.am











