Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն, այսօր՝ հունիսի 5-ին, իսկական բնապահպան էր, նա Բուսաբանական այգի էր եկել հատուկ «Բնապահպան» գրությամբ շապիկով եւ նմանատիպ գլխարկով (ֆոտոռեպորտաժ): NEWS.am-ի թղթակիցը նրանից հետաքրքրվեց, թե արդյոք հեծանիվո՞վ է եկել Բուսաբանական այգի, ինչին ի պատասխան նախարարը հայտնեց, որ մեքենայով եկել է մինչեւ այգու մուտքը, այնտեղից ոտքով քայլել է եւ դեռ պատրաստվում է հեծանիվ վարել: Բուսաբանական այգում Բնապահպանի օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառումից հետո նախարարը, իսկապես, հեծանիվ վարեց:
Նա նշեց, որ ամեն շաբաթ մի քանի անգամ հեծանիվ է վարում եւ ձի է քշում: Նրան հեծանիվ վարելիս կարելի է տեսնել Մոնումենտի այգում: «Ես շատ սիրում եմ հեծանիվ վարել, եւ այդ ցանկությունս բավարարում եմ»,- ասաց Արամ Հարությունյանը: Նախարարը չբացառեց, որ գուցե մի օր աշխատանքի գնա հեծանիվով: «Հեծանվային ճանապարհների հետ կապված խնդիրը կարգավորելուն պես անպայման, ինչո՞ւ չէ, ցավոք, մեր ռելիեֆը թույլ չի տալիս, որպեսզի կարողանանք հեծանվային ճանապարհներ գործարկել»,- ասաց Արամ Հարությունյանը:
Նախարարը նկատեց, որ Բուսաբանական այգու տարածքը հարմար է հեծանիվ վարելու համար, կանաչապատա է, ասֆալատապատ է, շատ ծանրաբեռնված չէ մեքենաներով եւ մարդկանցով: Նա նշեց, որ այժմ քաղաքապետարանի հետ քննարկում են, թե ինչպես նման տարածքները շատացնել եւ առհասարակ հարմար տարածքներում հնարավոր դարձնել հեծանիվ վարելը:
Արամ Հարությունյանն ասաց, որ գործընկեր նախարարների հետ հեծանիվ երբեւէ չի վարել, մարզպետների հետ է վարել, ամենալավը ինքն է վարում: Հարցին, թե հնարավոր է այսօր ամբողջ օրը բանջարեղեն ուտեք, նա նշեց, որ հնարավոր է այսօր ընդհանրապես ոչինչ չուտի: Մեր հարցին, թե այսօր շատ բնապահպան եք, հնարավոր է մի օր էլ ձեզ տեսնենք ակտիվիստների հետ ակցիաների մասնակցելիս, նախարարը պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ ոչ, եթեշատ լավ ակցիա կազմակերպեք, ես անպայման կմասնակցեմ»:
Մեր դիտարկմանը, թե ամբողջ տարի բնապահպաները բողոքի ակցիաներ են անում ձեր եւ ձեր նախարարության գործունեության դեմ, բայց տոնը միասին եք նշում, հաշտվե՞լ եք, նա նկատեց. «Մենք երբեւէ չենք գժտվում, ես միշտ ասել եմ, որ քննադատությունը իրենց իրավունքներն են, շատ դեպքերում քննադատությունները օգնում են մեզ ավելի լավ աշխատել, կարեւոր է, որ ստրատեգիական հարցերի ժամանակ կարողանում ենք համատեղ աշխատել եւ դա տալիս է արդյունքներ»: Նախարարը շեշտեց, որ Բնապահպանի օրվա միջոցառմանը մասնակցելու համար հրավիրել են ոլորտի մասնագետներին, գործընկեր կառույցներին, բնապահապանական կառույցների ներկայացուցիչներին:
Ի դեպ, Արամ Հարությունյանը այգի էր եկել 8-ամյա որդու` Դավիթի հետ, ով հայրիկի պես «Բնապահպան» շապիկով եւ գլխարկով էր: Նա եւս սիրում է հեծանիվ վարել, սակայն այգում հեծանիվ չվարեց: Դավիթը նշեց, որ հայրիկը իրեն լավ հեծանիվ է գնել, եւ հաճախ միասին են հեծանիվ վարում:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











