Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը համարում է, որ իր տան բակում կատարված սպանությունը պաշտպանություն է եղել:
Այսօր՝ հունիսի 5-ին, նա Երեւանի «Մարիոթ» հյուրանոցի բացօթյա սրճարանում մի քանի հոգու հետ նստած է եղել եւ համաձայնել է պատասխանել 168.am-ի լրագրողի հարցին՝ կապված հունիսի 1-ին իր տան բակում կատարված սպանության հետ:
Հարցին, թե Սյունիքում իր առանձնատան մոտ տեղի ունեցած կրակոցները ինչպե՞ս պատահեցին, Սուրեն Խաչատրյանը պատասխանել է. «Խնդրում եմ հայտարարությունը կարդացեք ու տեսեք, որ մարզպետի տան վրա եղել է զինված հարձակում: Իսկ եթե քո տան վրա զինված հարձակում լիներ, ի՞նչ կանեիր: Դու հայ աղջիկ ես, եթե քո տան վրա հարձակվեր մեկը ի՞նչ կանես` պետք է պաշտպանվես, չէ՞: Փաստը ցավալի է, շատ ցավալի, որովհետեւ զոհը երիտասարդ տղա է… դա շատ ցավալի բան է: Բայց ընդհանրապես կատարվածն էլ ավելի ցավալի է»:
Սուրեն Խաչատրյանը, սակայն, մյուս հարցերն չի պատասխանել, անպատասխան թողնելով նաեւ այն հարցը, թե արդյոք ինքը շարունակելո՞ւ է պաշտոնավարել Սյունիքի մարզպետի պաշտոնում, թե՞ ոչ: Նա նստել է մեքենան ու հեռացել:











