ՀՀԿ շենքում այսօր` հունիսի 7-ին Գործադիր մարմնի նիստ էր, եւ կրկին շենքի մոտ էին հավաքվել Հանրապետության 33-րդ թաղամասի բնակիչները, որոնք պահանջում են վերադարձնել խաբեությամբ իրենցից խլված բնակարանները: Նրանց տները քանդել է «Գլենդել Հիլզ» ընկերությունը` խոստանալով բնակարաններ հատկացնել նորակառույց շենքերում, սակայն արդեն յոթ տարուց ավելի մարդիկ ապրում են վարձով բնակարաններում:
Բողոքողները բավական մարտական էին տրամադրված եւ պահանջում էին հանդիպում նախագահ Սերժ Սարգսյանի հետ, սակայն ոստիկանները փակել էին փողոցը եւ մի քանի տասնյակ ցուցարարներին արգելում էին մոտենալ շենքին: Ցուցարարներին չմոտեցան ոչ Սերժ Սարգսյանը, ոչ էլ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու ՀՀԿ Գործադիր մարմնի մյուս անդամները, իսկ ոստիկանները հրելով արգելեցին նրանց մոտենալ պաշտոնյաներին:
Ի վերջո, նիստից հետո խաբված տանտերերին հանդիպեցին ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանն ու ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Մենք Հանրապետության 33 փողոցի բնակիչներն ենք, իսկ այդ նոր շենքերի սեփականատերերից մեկը Դուք եք: Այո, Դուք եք»,- Դավիթ Հարությունյանին անակնկալի բերեցին հավաքված կանայք` պահանջելով տալ իրենց տները: Վերջինս հերքեց այդ տեղեկությունը` նշելով, որ նրանց թյուրիմացության մեջ են գցում: Նա նաեւ նշեց, որեւէ կերպ չի առնչվել խնդրին եւ չի կարող պատասխանել բնակիչներին հուզող հարցերին:
«Տվեք մեր տները: Ապահով Հայաստան եք ուզում, որքա՞ն կարելի է մարդկանց խաբել»,- Էդուարդ Շարմազանովին ասացին բողոքողները: Նրանց խոսքով, 2007թ. օտարման պայմանագիր են կնքել կառավարության որոշմամբ: Շարմազանովը խոստացավ երկուշաբթի օրը հանդիպել ցուցարարներից երկուսի հետ եւ լսել նրանց մտահոգությունները: «Հովիկ Աբրահամյանն էլ է լսել, Տարոն Մարգարյանն էլ է լսել, բոլորն էլ լսել են, բայց վեցը տարի է լուծումը չեն կարողանում գտնել»,- նշեց կանանցից մեկը, իսկ մյուսն էլ հավելեց. «Մենք ավել բան չենք ուզում, մեր տներն ենք ուզում: Սա հայաթափություն է, արտագաղթ է, ուրիշ բան չէ»:











