Մոսկվայի մարզի Սոլնեչնագորսկ շրջանում հունիսի 9-ին վթարի է ենթարկվել «Իկար» ԱԻ-10 թեթեւշարժիչային օդանավը:  Ավիավթարը տեղի է ունեցել ուղեւորի մեղքով. նրա ոտքը մնացել է ոտնակների արանքում: Մասնագետները տվյալ վարկածն առաջ են քաշել օդանավի բեկորների տակից մարմինները դուրս բերելուց հետո: 

Օդաչուն իսկական աս է եղել: Փորձագետները կարծում են, որ հնարավոր է,  օդանավը վթարի է ենթարկվել ուժեղ քամու պատճառով, սակայն Սերգեյ Վասիլիեւը, հավանաբար, այն չի կարողացել  կառավարել հենց այն պատճառով, որ ուղեւորի ոտքը մնացել էր ոտնակների արանքում, հայտնում է Life News-ը:

Ըստ ականատեսների` բարձրանալիս օդանավը հանկարծ սկսել է  արագորեն գահավիժել: Գետնին բախվելու հետեւանքով օդաչուն եւ ուղեւորն իսկույն մահացել են:

Պարզվել է, որ ղեկի մոտ է եղել 43-ամյա փորձառու օդաչու Սերգեյ Վասիլիեւը, որը ռազմաօդային ուժերի պաշտոնաթող փոխգնդապետ էր, «Ստրիժի» խմբի հրամանատարի նախկին տեղակալը:  Հաստատվել է նաեւ երկրորդ զոհի ինքնությունը` 48-ամյա Վալերի Բուգաեւ, որը ժամանակին նույնպես օդաչու է եղել:

Թեթեւշարժիչային օդանավերի հաճախադեպ վթարների պատճառով  Ռոստրուդի Դաշնային ծառայությունը որոշել է ստուգել Ռուսաստանի այն  ավիաընկերությունները, որոնք ունեն նման օդանավեր, գրում է utro.ru-ն: