Թուրքիայի նահանգներում կիրակի օրվա ցույցերը նորից ավարտվել են ցուցարարներին ցրելով: Ստամբուլում տեղի է ունեցել ամենախոշոր հակակառավարական ցույցը: Թաքսիմ հրապարակ էին եկել տասնյակ հազարավոր մարդիկ: Բողոքի ալիքը տարածվել է ամբողջ երկրով, որը երեկոյան վերածվել է ոստիկանության հետ բախումների: Ստամբուլում, Իզմիրում եւ Անկարայում ոստիկանների վրա քարեր եւ դյուրավառ նյութերով շշեր են նետել: Ցուցարարներին ցրել են արցունքաբեր գազով եւ ջրցան մեքենաներով, հաղորդում է ՆՏՎ-ն:
Անկարայում իր հանրահավաքն է անցկացրել նաեւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա բողոքողներին անվանել է «գողեր» եւ նախազգուշացրել, որ իր համբերությունը շուտով կսպառվի:
«Նրանց, ովքեր հարձակվում են մեր քաղաքների վրա, ավերում եւ այրում դրանք, մենք վանդալներ ենք անվանում: Նրանց աջակցողները նոյնպես վանդալներ են: Թուրքիայի ժողովուրդն է կառավարությանն իշխանության բերել, միայն նա կարող է մեզ ստիպել հեռանալ», - հայտարարել է Էրդողանը, մեջբերում է «Առաջին ալիքը»: Հավաքվածները աղաղակել են. «Մենք պատրաստ ենք հանուն քեզ մեռնելու, Թայիփ», հաղորդում է Euronews-ը:
Թուրքիայի մայրաքաղաքի Քըզըլայ հրապարակում հազարավոր մարդիկ պահանջում էին վարչապետի հրաժարականը: Նրանք վարչապետին մեղադրում էին երկրի իսլամականացման, բռնապետական կառավաման եւ բողոքի ցույցերը դաժանորեն ճնշելումեջ: Առանձնապես բարկացրել են Էրդողանի քամահրական հայտարարությունները հակակառավարական ցույցերի մասնակիցների հասցեին:
Հիշեցնենք, որ հակակառավարական զանգվածային ցույցերը սկսվել են երկու շաբաթ առաջ, երբ Ստամբուլում «Գեզի» այգու պաշտպանների ցույցը փորձել էին ցրել ջրցան սարքերով: Շատ շուտով բնապահպանական բողոքը վերաճել էր քաղաքականի եւ տարածվել ողջ երկրով:











