Ազատագրված Քարվաճառի շրջանի Նոր Վերինշեն գյուղում է ապրում Մարգարյանների բազմանդամ ընտանիքը: Նոր Վերինշենի դպրոցի տնօրեն Շահեն Մարգարյանը 13 երեխա ունի՝ 9 որդի եւ 4 դուստր՝ Արմանը, Արմինեն, Լյուդվիգը, Արեգը, Նարեկը, Մարգարիտը, Փառանձեմը, Նորայրը, Վահեն, Վահանը, Վարդանը, Հերմինեն եւ Դավիթը:

Շահեն Մարգարյանը Քարվաճառ է տեղափոխվել 1996թ., ՀՀ Մարտունիի շրջանի Վաղաշեն գյուղից, երբ արդեն 6 երեխա ուներ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Շահեն Մարգարյանը պատմեց. «Այդ նեղ տարիներին Հայաստանում վեց երեխա էի պահում: Աշխատում էին դպրոցում, 7 հազար դրամ փող էի ստանում, այդ վեց երեխաներին էլ պահում էի»: Հարցին, թե ինչպես որոշեց տեղափոխվել Քարվաճառի շրջան, Շահեն Մարգարյանը պատասխանեց. «Հայերի խասյաթն է, չէ՞, ավանդական ընտանիքներում տունը փոքրինն է, մեծերը պետք է տանից դուրս գան: Տունը թողեցի կրտսեր եղբայրներիս, ընտանիքով ուզում էի տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ: Այն ժամանակ այս շրջանի մասին խոսք չկար, հետո եկա, տեսա, տղերքն ասեցին, որ արդեն տներ են կառուցում, որոշեցինք գալ այստեղ: Կինս էլ Խանլարի շրջանից է, բնությունը մեր դուրը եկավ, եւ տեղափոխվեցինք այստեղ: Մնացած յոթ երեխաներս այստեղ են ծնվել»:

Շահեն Մարգարյանի ավագ որդին՝ Արմանը մեկ տարի առաջ է զորացրվել բանակից: «Մեկ տարի է՝ վերադարձել է, արդեն համալսարանի երկրորդ կուրսում է սովորում, դուստրս անգլերեն բաժնի երրորդ կուրսն է վերջացնում, մի տղաս ագրարային քոլեջում է սովորում: Փոքրս այս տարի դառնում է երկու տարեկան»,- հպարտությամբ նշեց բազմազավակ հայրը:

«Եթե ես չեմ կարողացել իմ ուժերով կռվին մասնակցել կամ ինչ-որ բանով օգնել, ես էլ ճիշտ համարեցի, որ կարելի է իրենց փոխարինողներ ունենալ: 9 տղա, 9 սահմանապահներ ունենք: Իրենք էլ, երեւի, հայրիկին կնմանվեն, այդքան տղա էլ իրենք կունենան»,- անթաքույց հպարտությամբ ասաց Շահեն Մարգարյանը:

Հարցին, թե կինը չի դժգոհում արդյոք 13 երեխաների առկայությունից, Շահեն Մարգարյանը նշեց. «Դե դժգոհելը դժգոհում է, եթե մանկավարժական կրթություն ունենար, երեխանեի հետ լեզու կգտներ, չէր ջղայնանա, բայց երեխաների ամեն մի քայլը իր վրա ազդում է»,- կատակեց Նոր Վերինշենի դպրոցի տնօրենը:

13 եւ վե՞րջ, հարցին էլ պատասխանեց. «Ու վերջ: Արդեն թոռներին պիտի սպասենք»: 

Զրուցեցինք նաեւ Շահեն Մարգարյանի կրտսեր չորս որդիների հետ: Հարցին, թե ինչով են զբաղվում գյուղում, 6-ամյա Վարդանը պատասխանեց. «Խաղում ենք, կենդանիներին ենք պահում՝ կով, ոչխար, ձի, խոզ, հավ»: Վարդանը մեծանալու եւ «կովբուժ» (անասնաբույժ) է դառնալու, իսկ ամենասիրած կենդանին ձին է: