Ստամբուլում հարյուրավոր ոստիկաններ, արցունքաբեր գազ, ջրցաններ եւ զրահատեխնիկա կիրառելով, քանդել են Թաքսիմ հրապարակի պատվարները եւ ցրել վերջին ցուցարարներին, հայտնում է gazeta.ru-ն` վկայակոչելով Reuters-ին։

Ակտիվիստների հավաքի վայր են ժամանել հատուկջոկատայինների 20 ավտոբուսներ։ Utro.ru-ն, վկայակոչելով AP-ին, հայտնում է, որ այդ պահին հրապարակում գտնվողները քնած էին, ուստի իրավապահները կարողացել են արագ առավելության հասնել։

Ի պատասխան նրանց վրա «Մոլոտովի» կոկտեյլներ են նետել, սակայն ոստիկանների զրահատեխնիկան ցուցարարներին ստիպել է  նահանջել, հայտնում է polit.ru-ն։ Տուժածների եւ ձերբակալվածների մասին տեղեկություններ չկան։

Ցուցարարներին ցրելու հերթական պատրվակը «պատմական հուշարձանները վանդալներից պաշտպանելն էր»։ Մասնավորապես, Թաքսիմ հրապարակում է գտնվում Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հուշարձանը։ BBC-ն հայտնում է, որ նման կոշտ քայլերի ոստիկանները դիմել են այն բանից հետո, երբ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համաձայնել է հանդիպել ցույցերի կազմակերպիչների հետ։

Թաքսիմ հրապարակը մաքրելուց հետո իրավապահները «Գեզի» այգին պահպանելու եւ իշխանությունների հրաժարականի պահանջով պաստառները հեռացրել, փոխարենը Աթաթուրքի նկարներն են տեղադրել։