Գորիսում տեղի ունեցած վերջին սկանդալային դեպքերից հետո Տրանսպորտի եւ կապի նախարար, Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը չի հանդիպել Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ: «Ինչի՞ համար, ես նոր եմ վերադարձել»,- մեր հարցին ի պատասխան ասաց նա:

Նա նշեց, որ շատ տհաճ, տգեղ երեւույթ է, պետք է հետեւենք զարգացումներին: Հարցին, թե ըստ Ձեզ, ովքեր են մեղավոր այդ միջադեպի մեջ, նա նշեց, որ քննության ընթացքը ցույց կտա. «Ես դատավոր չեմ, որ իմանամ` ովքեր են մեղավոր, ովքեր` ոչ, ես հո քննչականում չեմ աշխատում»:

Ինչ վերաբերում է Սուրեն Խաչատրյանի հրաժարականի դիմում ներկայացնելուն, նա նշեց, որ «յուրաքանչյուր մարդու ճակատագիր իր ձեռքում է գտնվում, ոնց որոշում են իրենք, իրենք գիտեն, թող իրենք ստեղծեն, ղեկավարեն իրենց ճակատագիրը»:

Հիշեցնենք, որ Սուրեն Խաչատրյանի տան բակում փոխհրաձգություն էր տեղի ունեցել, որի հետեւանքով զոհվել էր Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայր՝ ՊՆ գնդապետ Արտակ Բուդաղյանը եւ Սուրեն Խաչատրյանի ազգական Նիկոլայ Աբրահամյանը վիրավորվել էին:

Քրգործի շրջանակներում կալանավորվել են Սուրեն Խաչատրյանի 19-ամյա որդին՝ Տիգրանը, եւ նրա թիկնազորի պետ Զարզանդը Նիկողոսյանը:

Օրերս Սյունիքի մարզպետարանը հայտարարություն էր տարածել ողբերգական պատահարի մանրամասն նկարագրությամբ: Դեպքերը նկարահանվել էին Խաչատրյանի տան բակում տեղադրված երկու տեսախցիկներով: Տեսագրությունը  հայտնվել էր համացանցում: