Տարոն Մարգարյանը վերջին 20 տարվա լավագույն քաղաքապետն է, որովհետեւ եկավ շուկաս քանդեց, ուրիշ քանդող չէր եղել այս 20 տարվա մեջ: Այս մասին այսօր` հունիսի 11-ին, Երեւանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողության ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը` շեշտելով, որ «ինքը ուժեղ է եւ ինքնուրույն է որոշումներ կայացնում»:

Հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում քաղաքապետարանի աշխատանքը, նա պատասխանեց. «Որ գան ձեր շենքը քանդեն, ո՞նց կգնահատեք»:

Այնուհանդերձ, Սամվել Ալեքսանյանը եկել էր քաղաքապետարան ոչ թե Փակ շուկայի խնդրով, այլ մասնակցելու երդմնակալությանը: Նա շեշտեց, որ Տարոն Մարգարյանից նեղացած չէ, «որ նեղացած լինեի, չէի գա»:

Պատգամավորը «նեղսրտեց» օրենք խախտելու համար իրավապահներին պատասխան տալու մասին հարցից, ասելով, թե եթե այդպես եք հարց տալիս, ուրեմն` ինքը շուկայի հետ կապ չունի:

Սամվել Ալեքսանյանը հիշեց իր 7 երեխաներին` ասելով, որ ցանկանում էր Փակ շուկայի տարածքում բազմաբնակարան շենք կառուցեր, նրանց այնտեղ պահելու համար, սակայն եկան ապամոնտաժեցին: Այժմ, նրա հավաստմամբ, շուկան մնալու է որպես շուկա: «Դուք արեցիք, որ չթողեցին, սաղ օրը կյանքս կերաք»,- դիմելով լրագրողներին` ասաց պատգամավորը:

Մանրամասները` տեսանյութում: