Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը Սյունիքի մարզպետի պաշտոնին իր թեկնածությունը հավանական է համարում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վարդան Գեւորգյանը:

Նա նշեց, որ տեղեկություններ շրջանառվում են ոչ միայն իր, այլեւ այլ թեկնածուների վերաբերյալ, բայց երբեւէ քննարկում չի եղել, դա քաղաքական որոշում է, «ցանկություն չէ լոկ, որ միայն ցանկանաս եւ դառնաս, ես կուսակցության անդամ եմ, հարգում եմ կուսակցական յուրաքանչյուր որոշում, որն ինձ է վերաբերվում է»:

«Միանշանակ հավանական համարում եմ, ունեմ աշխատանքային փորձ,11 տարի է համայնքի ղեկավար եմ, անցած ուղի ունեմ, արցախյան ազատամարտի ժամանակ եղել եմ հրամանատար, եթե ինձ քաղաքապետի պաշտոնը 11 անգամ վստահել են, սա խոսում է, որ կարելի է վստահել չեմ ասում կոնկրետ մարզպետի պաշտոն: Քաղաքապետը ինձ համար վերջնական աշխատանքը չէ, որը ինձ բավարարում է, ոչ միայն անձնական, այլեւ մյուս առումներով, ես դեռեւս շատ բան ունեմ տալու, դեռեւս երիտասարդ ենք, դեռեւս հնարավորություններ եւ ունակություններ կան»,- ասաց Քաջարանի քաղաքապետը:

Անդրադառնալով գորիսյան վերջին դեպքերին` նա նշեց, որ Բուդաղյաններին չի ճանաչել, բայց մտերիմ հարաբերություններ ունի Սյունիքի մարզպետի հետ: Վարդան Գեւորգյանը շեշտեց, որ չպետք է այս միջադեպի մեջ մեղավորներ փնտրենք, կան համապատասխան կառույցներ` դատաիրավական կառույցներ, որոնց խնդիրն է վերջնական պատասխան տալ եւ ներկայացնել խնդիրը: «Դեպքը ցավալի է, երիտասարդ զոհ ունենք, ցավում ենք նաեւ նրա համար, որ ի վերջո 19-ամյա երիտասարդ է գտնվում բանտում, դա կարող էր պատահել յուրաքանչյուրիս հետ, ցավում եմ, որովհետեւ Սյունիքի մարզպետը իմ լավ, վաղեմի ընկերն է, ձգտում եմ հնարավորինս լինել նրա կողքին, սփոփանքի խոսքեր չէ, որ պետք է ասել, այլ մարդուն պետք է հասկանալ»,- ասաց նա: Քաղաքապետը նշեց, որ նախկին մարզպետին չի հանդիպել, բայց հեռախոսով խոսել է,. «Դե ինչ պետք է ասի, այդ իրավիճակի մեջ ի՞նչ պետք է ասի հայրենասեր մարդը, մարդ, ով այդ իրավիճակի մեջ արհեստականորեն հայտնվեց: Ես համարում եմ` սա արհեստականորեն ստեղծված իրավիճակ: Ես ճանաչում եմ լավ, իր խոսքի տեր մարդ, եթե գրել է հրաժարականի դիմումը, ուրեմն ճիշտ է վերաբերել»,- նշեց նա: