Ազատագրված Քարվաճառի շրջանի Վերին Գետաշեն գյուղի գյուղացիներն առանձնակի հպարտությամբ են մատնացույց անում դարբին, շինարար, փորագրող, զինագործ ու քանդակագործ Մարտիրոս Չալումյանի տունը, իսկ Հայաստանից եւ արտերկրից ժամանած հյուրերին ուղեկցում են նրա տուն՝ ցուցադրելու տաղանդավոր վարպետի ձեռակերտ նմուշները (ֆոտոռեպորտաժ):

Վարպետ Մարտիրոսը Քարվաճառում է ապրում արդեն 14 տարի, իր ձեռքով է կառուցել իր տունը, արհեստանոցն ու խանութը, այսօր էլ շարունակում է ապրել եւ արարել Նոր Վերինշենում: Նրա պատրաստած միջնադարյան զենքերի նմուշներն այսօր գտնվում են բարձրաստիճան շատ պաշտոնյաների հավաքածուներում, գյուղացիները պատմեցին, որ տարիներ առաջ Մարտիրոս Չալումյանի տուն են այցելել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ տպավորվել իրենց տեսածով:

Վարպետ Մարտիրոսը համեստ եւ քչախոս մարդ է, եւ դժկամությամբ էր պատմում իր եւ ստեղծագործությունների մասին, սակայն նրա տան կահ-կարասին եւ պատերից կախված զինատեսակներն ու նկարները լիարժեք պատկերացում էին տալիս նրա տաղանդի մասին: Վարպետը նշեց, որ ազատ ժամանակ է զբաղվում դարբնի աշխատանքով, հիմնականում շինարարություն է անում: Արցախի անկախության օրը Ստեփանակերտում կայացել է նրա պատրաստած զենքերի ցուցահանդեսը:

Դիտարկմանը, թե շատերը խոսում են ազատագրված տարածքների հանձնման հնարավորության մասին, Մարտիրոս Չալումյանը պատասխանեց. «Ով այդ մասին ասում է, նա իրավունք չունի ապրելու ոչ Ղարաբաղում, ոչ էլ Հայաստանում: Հենց այդպիսի մարդիկ պիտի հեռանան: Մենք պատերազմով հողերը վերցրել ենք, պատերազմով էլ պիտի պահենք: Թեկուզ պետությունը ստորագրի էլ, մենք հետ չենք տալու, ժողովուրդը հետ չի տալու»:

Նա ցավով նշեց, որ այժմ շինարարություն չի կատարվում: «15 տարում եկածներից շատ երեխաներ մեծացել են, տղամարդ են դարձել, իրենք էլ են երեխատեր, բայց տուն չկա, որ առանձնանան: Նա ով հնարավորություն ունի, տուն սարքում են, բայց դա էլ մի քանի հոգի: Մարդիկ կպած ապրում են, բայց դե պետության կողմից էլ «պադդերժկա» է պետք, արտոնություններ»,- ասաց նա: Վարպետը Քարվաճառ է տեղափոխվել Գանձակից: Նա երկու որդի եւ մեկ դուստր ունի: Որդիները ծառայում են զինված ուժերում որպես պայմանագրային զինծառայողներ:

Մենք նաեւ շրջեցինք Մարտիրս Չալումյանի տանը, ծանոթացանք նրա ձեռամբ պատրաստված զենքին, փորագրված կահույքին, եղանք այժմ կառուցվող դարբնոցում, որը վարպետն իր ձեռքով է կառուցում, զարդարում հայկական քանդակներով: