Չուվաշիի քննիչներին հետաքրքրել է համացանցում հայտնված տեսագրությունը, որտեղ պատկերված են մանկական ամառային ճամբարներից մեկում ավագների ճնշումները կրտսերների նկատմամբ:   Համացանցում  այդ տեսագրության տեղադրման փաստով ստուգում է անցկացվում:

Տեսագրությունում երեւում է, թե ինչպես լոգարանում քնած տասը տարեկան մի տղայի վրա ցնցուղից ջուր են լցնում՝ ծիծաղի ուղեկցությամբ: Երիտասարդ տղաները  քնած աղջկա  ներքնակը քարշ են տալիս միջանցքով, այնուհետեւ այն ներս մտցնում սենյակներից մեկը՝ նույնպես ծիծաղելով: Սենյակներից մեկում նրանք փոքր տղաներին փաթաթում են ներքնակի մեջ եւ այդպես թողնում մահճակալ վրա:  Տեսագրության վերջին դրվագում ավագները երեխաներին վռնդում են սենյակից՝ «առավոտյան մարմնամարզության»:

Համացանցից օգտվողները ֆորումում նշել են ճամբարի անունը՝ Չեբոքսարի շրջանի «Ոսկե հասկ», իսկ կատարվածն անվանում են  «գիշերային ֆլեշմոբեր», գրում է  NEWSru.com-ը:

«Երեխան մշտապես բողոքում էր, որ չեն թողնում քնել, խնդրում էր վերադառնալ տուն: Ավագի մասին երեխաներն ասում էին, որ ոտքով հարվածում է: Երբ հեռանում էինք,  հարցրի, թե ինչու է երեխաներին ոտքով հարվածում,  նա չէր էլ թաքցնում, ասաց, որ  «երեխաները չեն հասկանում, երբ նրանց միայն մարզանքներ կատարել ես տալիս»», - գրում է ֆորումի մասնակցուհիներից մեկը, որի երեխան  ամառային ճամբարում է եղել:

Հիշեցնենք, որ մայիսի կեսերին լայն արձագանք էր ստացել մի տեսագրություն, որտեղ Ամուրի մարզի Պիոներսկայա ավանում գիշերօթիկի սաների նկատմամբ ոտնձգություններ էին կատարվում: