Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում տեղի ունեցած դանակահարությունից տուժած Սիմոն Հովհաննիսյանի հայրը պնդում է, որ կասկածյալ 2 երիտասարդները դանակահարության հետ կապ չունեն, իսկ իրական մեղավորները ազատության մեջ են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սիմոն Հովհաննիսյանի հայրը` Արթուր Հովհաննիսյանը:
«Երկու խելոք տղաների վրա են ցանկանում մեղքը բարդել: Նրանք ներկա են եղել, բայց խելոք տղաներ են, դանակահարության հետ կապ չունեն: Իսկ խուլիգաններին թաքցնում են: Եթե մինչեւ վաղը այդ բոլոր մասնակիցներին չհավաքեն, դիմելու եմ Վլադիմիր Գասպարյանին: Իրանք այս արյունի համար պատասխան են տալու: Եթե չտվեցին, ուրիշ բան կլինի եւ ես իմ արածի համար պատասխան չեմ տալու: Ես ուզում եմ, որ ով դանակով իմ տղային, ինձ մղկտացրել ա, իրա ծնողն էլ մղկտա»,- ասաց տուժողի հայրը:
Սիմոն Հովհաննիսյանն էլ, ով 15 օր է , ինչ զորացրվել է բանակից եւ դժվարությամբ էր դիմադրում ցավին, պատմեց, որ դեպքի օրը ընկերոջ տանը սրճելիս են եղել, երբ զանգահարել է փոքր եղբայրը եւ փոխանցել, որ Սաքոն ու Մանուկը իրեն ծեծել են: «Ասաց, որ փողոցում կանգնած են եղել եւ մեքենայով եկել եւ փորձել են քշել իրենց վրա: Հորեղբորս անչափահաս տղաները ասել են՝ ամո՞թ չեք անում, ասել են ձենդ կտրի ու խաբել են ախպորս: Հետո ինձ զանգեցին՝ բա թե ո՞ւր էք, ապե: Ասացի, որ քարի ցեխի դեմը կանգնած ենք»,- պատմեց տուժողը: Նա չի պատկերացրել, որ մյուս կողմը հորեղբոր տղաների ընկերների հետ կգան: Իրենք մոտավորապես 6 հոգի են եղել, իսկ մյուս կողմը՝ մոտ 14: «Հարցրեցին, թե ում հետ են հեռախոսով խոսել, ասացի՝ իմ, եւ շրջվեցի տեսնեմ՝ ախպորս են խփում: Փորձեցի խփողին ես խփել, հետեւիցս դանակով խփեցին, բայց չէ զգացել: Դանակով ուզում էին հորեղբորս տղու կոկորդին էլ խփեին: Ձեռքս մեկնեցի, որ թույլ չտամ, դանակը մտավ ձեռքիս մեջ: Այդ ընթացքում ոտքիս էլ խփեց: Աստիճանաբար սկսեցի թուլանալ: Հետո չգիտեմ ինչ եղավ, բայց իրենք փախան»,- ավելացրեց Արթուր Հովհաննիսյանը, ով դանակի 30 հարված է ստացել: Նա ասաց, որ խփողները իրենց գյուղացիներն են, բայց մինչեւ այդ նրանց հետ առնչություն չի ունեցել: «Իրենք, որ խփում էին, ասում էի՝ մի խփեք, բայց խփում էին»,- ավելացրեց Սիմոնը:
Իսկ մյուս տուժողի` վերակենդանացման բաժնում գտնվող 23-ամյա Իսրայել Հովհաննիսյանի մայրը ասաց, որ դանակահարողը իրենց գյուղի Հազիկի տղա Գեւորգն է, ով իր տղայի ընկերն է, իրենց տանը 100 անգամ հաց է կերել եւ իր ամուսնուն «հոպար» է ասել: Գեւորգի հայրը նախկինում էլեկտրացանցի տնօրեն է եղել: Նա կասկածում է, որ գործով անցնող երկու կասկածյալներին կաշառել են, ո ր մեղքը իրենց վրա վերցնեն:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ բաժնի ղեկավար Շուշան Հունանյանն էլ ասաց, որ Իսրայել Հովհաննիսյանի վիճակը ծանր է: «Հիվանդանոցում վիրահատության է ենթարկվել, կարվել է թոքը: Առավոտյան արդեն ինքնուրույն է շնչել` առանց արհեստական շնչառական ապարատի»,-փոխանցեց Շուշան Հունանյանը: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում տեղի ունեցած դանակահարության գործով կա ձերբակալված անձ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հունիսի 23-ին ժամը 23.40-ի սահմաններում Մասիսի բժշկական կենտրոնից Ոստիկանության Մասիսի բաժին ահազանգել են, որ մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել Մարմարաշեն գյուղի բնակիչներ 23-ամյա Իսրայել Հովհաննիսյանը, 20-ամյա Սիմոն Հովհաննիսյանը եւ 18-ամյա Պարույր Հակոբյանը: Պարզվել է, որ նույն օրը ժամը 22:00-ի սահմաններում, Մարմարաշեն գյուղում կենցաղային հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել նրանց միջեւ, որն ավարտվել է դանակահարությամբ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ հիվանդանոց տեղափոխվածները ի վիճակի չեն եղել բացատրություններ տալու: Ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ Իսրայել Հովհաննիսյանին, Սիմոն Հովհաննիսյանին եւ 1991 թ. ծնված Տիգրան Հ.-ին հունիսի 23-ին Մարմարաշեն գյուղում դանակով հարվածել եւ թափանցող մարմնական վնասվածքներ է հասցրել նույն գյուղի բնակիչ, 1987 թ. ծնված Հարություն Ս.-ն, իսկ Պարույր Հակոբյանի գլխի շրջանում կռփազենքով հարվածել եւ մարմնական վնասվածք է պատճառել Մարմարաշենի բնակիչ, 1987 թ. ծնված Գեւորգ Հ.-ն: Հարություն Ս.-ն ձերբակալված է: Գեւորգ Հ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել:











