Ադրբեջանում երգահան եւ ընդդիմադիր Հուսեյն Աբդուլայեւի նկատմամբ միջազգային հետախուզում են հայտարարել: Պաշտոնապես նրան մեղադրում են հարկերից խուսափելու մեջ, իսկ ոչ պաշտոնապես, լրատվամիջոցները մեղադրանքը կապում են Աբդուլաեւի Susma! («Մի՛ լռիր») երգի հետ, որի տեսահոլովակը վերջերս համացանցում էր հայտնվել:
Աբդուլաեւի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին տեղեկությունը լրատվամիջոցներում հայտնվել էր հունիսի 26-ին: Ավելի ուշ այն պաշտոնապես հաստատել էին Ադրբեջանի ՆԳՆ-ից, հայտնում է ԱՊԱ-ն:
Vesti.az-ը, վկայակոչելով «հավաստի աղբյուրները», հաստատում է, որ ընկերությունը, որի ղեկավարը Աբդուլաեւն է, խուսափել է 1,4 միլիոն մանաթ (մեկ մանաթը համարժեք է մեկ եվրոյի) հարկերից:
«Կավկազսկի ուզելը» հայտնում է, որ Աբդուլաեւի «Մի՛ լռիր» երգի տեսահոլովակը YouTube-ում տեղադրվել էր մայիսին: Այն Բաքվում բողոքի ցույցերը ցրելու կադրերի շարք է: Այդ տեսաշարն ուղեկցվում է մի երգով, որտեղ ադրբեջանցիները կոչ են անում «համատեղ պայքարել արժանապատիվ կյանքի համար»:
Աբդուլայեւը հունիսի սկզբին նշել էր, որ տեսահոլովակի հայտնվելուց հետո իրեն ճնշել են:
Հուսեյն Աբդուլայեւը նախկինում եղել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր: Նա հրապարակավ աջակցել է «Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդ» ընդդիմադիր միությանը, որն Ադրբեջանում ստեղծվել է 2013թ. կայանալիք նախագահական ընտրությունների նախօրեին:











