Եգիպտոսի ընդդիմադիր «Թամարրուդ» (թարգմանաբար` խռովություն) շարժումն իր կայքում պաշտոնական հայտարարություն է տեղադրել, ըստ որի` նախագահ Մուհամեդ Մուրսիին մինչեւ 2013թ. հուլիսի 2-ի ժ. 17:00-ն հրաժարականի համար ժամանակ է տրվում, որպեսզի պետական կառույցները սկսեն պատրաստվել արտահերթ նախագահական ընտրություններին: Եթե պահանջները չկատարվեն, Եգիպտոսի ընդդիմությունը խոստանում է հավաքել երկրի բնակչությանը եւ բողոքի զանգվածային ցույցեր կազմակերպել:
Հունիսի 29-ին եւ 30-ին` ներկայիս նախագահ Մուրսիի պաշտոնավարման մեկ տարին լրանալու օրերին, Եգիպտոսում բողոքի զանգվածային ցույցեր են տեղի ունեցել: Բողոքողների գլխավոր պահանջն է եղել Մուրսիի հրաժարականը: Ժողովրդական զանգվածային խռովությունների ժամանակ Կահիրեի կենտրոնական հրապարակում հավաքվել էր կես միլիոն մարդ, հաղորդում է BFM.RU-ն:
Տարբեր քաղաքներում ցուցարարները գրոհել էին Մահմեդական եղբայրներ» շարժման գրասենյակները` նրանց վրա քարեր եւ վառվող նյութերով շշեր նետելով: Իսլամիստների կողմնակիցները հրաձգությամբ էին պատասխանել: Արդեն հայտնի է 14 զոհերի եւ հարյուրավոր տուժածների մասին: Պետության ղեկավարն իր ներկայացուցչի միջոցով հայտնել է երկխոսության անհրաժեշտության մասին, սակայն Եգիպտոսի բնակիչներն ասում են, որ չեն հրաժարվի իրենց պահանջներից, հաղորդում է «Առաջին ալիքը»:
Հիշեցնենք, «Թամարրուդ» շարժումն արդեն հայտնել է, որ Մուրսիի հրաժարականի օգտին հավաքել է 22 միլիոն ստորագրություն:
Եգիպտոսում Մուրսիի դեմ 22 միլիոն ստորագրություն են հավաքել











