Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գնահատականների հետ միշտ համակարծիք եմ: Այս մասին այսօր` հուլիսի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը`  անդրադառնալով շաբաթ օրը նախագահականում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանի` Վերահսկիչ պալատի գործունեության մասին հնչեցրած գնահատականներին, հաղորդում է henaran.am-ը:

«Ես հայտնել եմ իմ կարծիքը, տպավորությունը հաշվետվության ներկայացման գործընթացի հետ կապված»,-նշեց Հովիկ Աբրահամյանը` ի պատասխան հարցի, թե իր գնահատականներն ավելի կոշտ էին, քան նախագահինը:  Դիտարկմանը, որ ՀՀԿ-ին եւ հենց ԱԺ նախագահին դժվար օրեր են սպասվում, քանի որ նախագահը նշեց, որ խորհրդարանական մեծամասնության, խմբակցության հետ խորհրդակցություն է անցկացնելու եւ խոսելու նրանց պահվածքի մասին, նա արձագանքեց. «Այսօր ես կարծիք չեմ ուզում հայտնել, սպասենք»:

Հարցին, թե չի կարծում, որ զրույցը շատ կոշտ է լինելու, պատասխանեց. «Ոչ, դուք միշտ կոշտացնում եք ձեր տեսակետը»: ԱԺ նախագահն ասաց, որ չի զղջում իր արած գնահատականների համար: Ավելին, այսօր էլ նույնը կկրկներ: Հարցին, թե իր կարծիքով` ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը ճիշտ գնահատականներ է հնչեցրել հաշվետվության վերաբերյալ, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց.

«Մենք, օգտվելով մեր իրավունքից, հաշվետվությունն ուղարկել ենք գլխավոր դատախազություն եւ դատախազությունը կտա իր պատասխանը»: ԱԺ նախագահը եւս մեկ անգամ կրկնեց, որ ինքը ներկայացրել է իր տպավորությունները հաշվետվության վերաբերյալ եւ քանի որ այդ տպավորությունը, այդ գնահատականները պետք է հիմնավորվեն,  հանձնարարական է տվել հաշվետվությունն ուղարկել գլխավոր դատախազություն:

«Հարկավոր է այնպես անել, որ բյուջեի գումարները ծախսվեն արդյունավետ»,- սա է անհանգստացնում ԱԺ նախագահին:

Տեսանյութը՝ Henaran.am-ի