3 ամիս առաջ Պռոշյանի գյուղապետարանի դիմաց սպանված Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության վայրում այսօր՝ հուլիսի 2-ին, ասֆալտի վրա  պռոշյանցիները սեւ գրանիտե սալիկ տեղադրեցին: Մոմավառության ընթացքում սպանված գյուղապետի մարտական ընկեր, բժիշկ Տարոն Տոնոյանը նշեց, որ սեւ գրանիտը խորհրդանշում է, որ այդ դեպքը սեւ բիծ է մեր պատմության մեջ: (ֆոտոռեպորտաժ)

Նրա խոսքով՝ այսպիսի դեպքերն են, որոնց հետեւանքով ծովից ծով Հայաստանը բերել դարձրել են մի բուռ Հայաստան: Ի դեպ, երեկ Հրաչ Մուրադյանի ծննդյան տարեդարձն էր: «Այս ասֆալտի վրա մեր ընկերոջ արյան հետքերը ոչ անձրեւից, ոչ արեւից չեն ջնջվել: Այդ հատվածը որոշել ենք հանել այստեղից եւ պահել այն թանգարանում, որը մեր զոհվածների համար որոշել էինք պատրաստել մեր պանթեոնում որպես մեր ժողովրդի ամոթ»,- նշեց Տարոն Տոնոյանը՝ հավելելով. «Մեր մեջ նստած մտածողություն կա, թե  քանի դեռ կրակն իմ տանը չի մոտեցել, ես գործ չունեմ այս ամեն հետ, ինչը  պետք է մեր միջից հանենք: Հրաչը մեզ գործի կոչ է անում, Հրաչը մեզ պայքարի կոչ է անում»:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ իր ելույթում ընդգծեց, որ դժվար է խոսել մի  հերոսի մասին, ով ընկավ ոչ թե մարտի դաշտում, այլ իր հայրենի գյուղում, ընկավ ոչ թե արտաքին թշնամու գնդակից, այլ դավադիր ստահակի գնդակից:

«Հրաչն իր 50 գարուններն ապրեց այն դաստիարակությամբ, այն ոգով, որ հայն է իր արժանապատվության միակ տերը, կերտողն ու կրողը, ուրիշ ոչ ոք: Շատերը դեռ կհիշեն եւ կերազեն Հրաչի տեսակի նոր ծնունդի մասին, բայց ավաղ դրանք կարող են նաեւ ուշացած լինել: Մենք պարտավոր ենք նրա ապրած 50 գարունների, ապրածի համար պահանջատեր լինենք, որ բացահայտվեն  այս զազրելի հանցագործության իրական մեղավորները եւ պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ»,- ասաց Արծվիկ Մինասյանը եւ ավելացրեց, որ ամեն ինչ անելու են եւ մինչեւ վերջ են անելու:

Նա նաեւ ընդգծեց, որ Հրաչ Մուրադյանի սպանությունը կրակոց էր պետականության, արժանապատվության եւ ապագայի վրա: Այն մարդիկ, ովքեր տեղեկություն ունեն այս սպանության մասին Արծվիկ Մինասյանը կոչ արեց չվախենալ  եւ փոխանցեն այդ տեղեկատվությունը: «Եթե չբացահայտվեց սա վաղը յուրաքանչյուր հայի դռանն է չոքելու»,- ահազանգեց ԱԺ պատգամավորը: 

ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանն էլ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ եթե քննության ընթացքը իրենց գոհացներ, չէին հանդիպի ոստիկանապետի հետ: «Մենք ոստիկանապետին փոխանցել ենք մեր մոտեցումները: Մենք էլ մեր կողմից ուշի-ուշով հետեւելու ենք եւ ամեն ինչ անելու, որ բացահայտումը օր առաջ տեղի ունենա: Ստացել ենք հավաստիացումներ ոստիկանապետի կողմից»,- փոխանցեց Արմեն Ռուստամյանը:  Հարցին, թե  ինչ է կարծում սա կդասվի չբացահայտված սպանությունների թվին, թե այնուամենայնիվ կբացահայտվի ասաց.« Դժբախտաբար չբացահայտված սպանությունների նախադեպերը շատ են: Մի օր պետք է այդ շղթան կոտրվի: Սա ամենաճիշտ նախադեպն է, որ սրանով սկսեն բոլոր նմանատիպ դեպքերի բացահայտման գործընթացները  եւ հասկանանք, որ ամեն մի չբացահայտված դեպք նոր այսպիսի դեպք է առաջացնում»: Հիշատակի երեկոն ուղեկցվեց մոմավառությամբ եւ ազգագրական երգերով:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի առավոտյան 9.00-ի սահմաններում Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել է Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին` աջ քունքի շրջանում հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ  հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (սպանություն`անձի կամ նրա մերձավորի` կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ)  եւ 235-րդ հոդվածի 1-ի մասի հատկանիշներով:

Ձերբակալվել են նույն գյուղի բնակիչներ Արայիկ եւ Արտակ Պետրոսյանները: Որպես հիմնական կասկածյալ, լրատվամիջոցներում շրջանառվում էր նաեւ գյուղապետի մրցակից Արթուր Մուրադյանի անունը:

Ապրիլի 5-ին Արայիկ Պետրոսյանը կալանավորվել էր, իսկ քրեական գործով վարույթ իրականացնող մարմնի որոշման հիման վրա Արտակ Պետրոսյանն ազատվել էր արգելանքից: Գործով կալանավորված Արայիկ Պետրոսյանի դեմքից եւ քթից, ինչպես նաեւ նրա կողմից դեպքի օրը շահագործված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի սրահից՝ առջեւի աջ կողմի մեջտեղի հենակի ներսի կողմից, առջեւի ձախ դռան շրջանակից եւ պաստառի ներսի կողմից, համեմատական հետազոտության նպատակով խծուծների վրա վերցված նմուշներում դատաքիմիական փորձաքննությամբ հայտնաբերվել են կրակոցի արգասիքներ հանդիսացող անտիմոնի մետաղացման հետքեր:

Արգելանքից ազատվելուց օրեր անց Արտակ Պետրոսյանը ձերբակալվել, ապա` կալանավորվել էր խուլիգանության մեղադրանքով: Դա կապված է սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո Պռոշյանի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի եւ նրա ՀՀԿ-ական մրցակից Արթուր Մուրադյանի միջեւ տեղի ունեցած վիճաբանության հետ, այդ ժամանակ նա դեպքի վայրում է եղել:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am