Կահիրեի համալսարանի տարածքում Եգիպտոսի նախագահի կողմնակիցների եւ անվտանգության ուժերի միջեւ բախման հետեւանքով հուլիսի 3-ի գիշերը զոհվել է 16 մարդ:
Ըստ Եգիպտոսի առողջապահության նախարարության ներկայացուցչի` 200 մարդ տուժել է: Տուժած ոստիկանների թիվը հայտնի չէ: Ականատեսները պատմում են հրաձգության եւ ոստիկանության կիրառած արցունքաբեր գազի մասին:
Կահիրեի համալսարանի մոտ կատարված անկարգություններն սկսվել էին, երբ Մուրսին 45-րոպեանոց ճառով դիմել էր եգիպտացիներին: Նախագահը հիշեցրել էր, որ ընտրվել է ժողովրդավարական ճանապարհով, կտրականապես մերժել էր հրաժարականի պահաջը եւ խոստացել «կյանքի գնով» պաշտպանել սահմանադրական կարգուկանոնը, հաղորդում է lenta.ru-ն` վկայակոչելով Reuters-ը:
Մուրսիի ճառը դժկամությամբ են ընդունել նրա մի քանի միլիոն հակառակորդները: Ընդդիմության ներկայացուցիչ Հալեդ Դաուդը նախագահի խոսքերն անվանել է քաղաքացիական պատերազմի հայտարարություն, քանի որ վերջինս արհամարհում է պաշտոնը թողնելու վերաբերյալ քաղաքացիների կոչերը:
«Թամարրուդ» ընդդիմադիր խմբավորումը նախագահ Մուրսիի թիկնապահներին կոչ է արել ձերբակալել նրան:
Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին լրացել է ընդդիմոթյան ներկայացրած 48-ժամյա վերջնագիրը, որը պահանջում է Մուրսիի հրաժարականը: Եգիպտոսի բանակի ներկայացրած նման մի վերջնագիր էլ լրանում է հուլիսի 3-ին, ժ. 18:00-ին: Գեներալները խոստացել են երկրում իրավիճակը վերցնել վերահսկողության տակ, եթե քաղաքական գործիչները զիջման չգնան:











