Վանաձոր քաղաքի նորակառույց «Արդա» թաղամասը, որտեղ  բնակարաններ են  տրվել Վանաձորում ոչ աղետի հետեւանքով անօթեւան մնացած տնակային ավանների բնակիչներին, պարզվում է, մի շարք խնդիրներ ունի: Համենայնդեպս այսպես են պնդում թաղամասում ծրագրի երրորդ փուլով բնակարաններ ստացած բնակիչները, հայտնում  է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը: 

Երրորդ փուլով բնակարան ստացած բնակիչների ահազանգով, որոնք  այդտեղ բնակվում են արդեն 1.5 տարի, թաղամաս այցելած մեր թղթակցին բնակիչները պատմել են իրենց գնահատմամբ շինարարական մի շարք խնդիրների մասին, որոնք ըստ նրանց, օրեցոր ավելանում են: «Բնակարանների պատերին ճաքեր են հայտնվել, պատշգամբների հատակի հիմքը թուլացել է, որոշ տեղերում հողի սահքի պատճառով պատերը թեքվել են եւ նմանատիպ մի շարք խնդիրներ»,-պատմել են բնակիչները: Նրանց  փոխանցմամբ՝ առաջացած խնդիրների մասին իրենք տեղեկացրել են թե «Ֆուլլեր» տնաշինական կազմակերպությանը եւ թե Վանաձորի քաղաքապետարան, խնդրի մասին տեղյակ է նաեւ երկրի նախագահը, սակայն ինչպես բնակիչներն են նշում, «մեկի մեկի վրա է գցում»:

Երրորդ փուլով բնակարաններ ստացած բնակիչների պահանջը մեկն է՝ վերացնել առաջացած թերություններն ու կրճատել վճարման ժամկետները: Ըստ պայմանագրի՝ երրորդ փուլով բնակարաններ ստացած բնակիչները յուրաքանչյուր ամիս պետք է 8000 դրամ վճարեն 13 տարի շարունակ, մինչդեռ առաջին եւ երկրորդ փուլով ստացած բնակարանների տերերը նույնչափ գումարը պետք է վճարեն 8 տարի:

Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության բաժնի պետ Տիգրան Պապանյանը հայտնել է, որ բնակարաններից մեկի վրա առաջացած ճաքը բնակիչների մեղքով է, իսկ մյուս մանր թերությունները կառուցապատողը կվերացնի: Պապանյանը բնակիչներին խորհուրդ է տվել չհաշվել նվեր ստացած ձիու ատամները եւ եթե որեւէ խնդիր էլ կա, ապա լուծել ինքնուրույն, ոչ թե նստել ու պահանջել:

Մանրամասները`տեսանյութում

Լուսանկարներն ու տեսանյութը`Էդվարդ Արզումանյանի/NEWS.am