Եգիպտոսի ռազմական հրամանատարությունը տապալել է նախագահ Մուհամեդ Մուրսիին եւ չեղյալ է համարել երկրի Սահմանադրությունը:
«Ռոյթեր» գործակալությունը հաղորդել է, որ Եգիպտոսի արդեն նախկին նախագահ Մուհամեդ Մուրսին գեներալների գործողությունները «զինված ապստամբություն» է համարել: Եգիպտոսում գտնվող լրագրողները հայտնել են, որ հեղաշրջումն սկսել է նրանից, որ մի քանի հարյուր զինվորներ զրահապատ ռազմական տեխնիկայով յուրօրինակ շքերթ են կազմակերպել Կահիրեի կենտրոնում` ըստ էության շրջափակելով նախագահի նստավայրը: Նախագահ Մուրսիին եւ նրա աշխատակազմին արգելվել է լքել Եգիպտոսը:
«Ի շահ Եգիպտոսի եւ հանուն պատմական արդարության, իրերը պետք է կոչել իրենց անունով. սա ռազմական հեղաշրջում է»,-իր հայտարարության մեջ նշել է Եգիպտոսի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Էսամ Էլ Հադեդը, ավելացնելով, որ դա հղի է «զանգվածային արյունահեղությամբ»: Նրա խոսքով` Մուրսին ներկայումս գտնվում է Ազգային գվարդիայի բարաքներում, մինչդեռ արաբական «Ալ հայաթ» թերթը պնդում է, որ նա տնային կալանքի տակ է:
«Ռոյթերի» հաղորդմամբ` եգիպտական ընդդիմության ղեկավար, ԱԷՄԳ նախկին նախագահ Մուհամեդ ալ Բարադեյը, ղպտիական եկեղեցու ղեկավարի եւ Ալ Ազար համալսարանի գլխավոր շեյխի հետ, սեղմ ժամկետներում պետք է ճգնաժամից դուրս գալու պլան ներկայացնի: Եգիպտոսի զինվորական հրամանատարությունը նաեւ հանդես է եկել հայտարարությամբ` խոստանալով «կասեցնել սահմանադրության գործողությունը», «վերջ դնել հակամարտությանը» եւ «ձեւավորել տեխնոկրատ կառավարություն»:Եգիպտոսի զինվորականների ներկայացուցիչ, գեներալ Աբդուլ ալ Սիսին հայտարաել է, որ Մուրսին պաշտոնանկ է արվել, եւ այդ պարտավորությունները ժամանակավորապես դրված են Եգիպտոսի Գերագույն սահմանադրական դատարանի ղեկավար Սաուդ Մահեր ալ Բեհեյրիի վրա: Ուշագրավ է, որ մամուլի ասուլիսի ժամանակ գեներալի կողքին են եղել ղպտիական եկեղեցու ղեկավարն ու Ալ Ազարի ռեկտորը:
Միաժամանակ, CNN-ը քիչ առաջ ներկայացրեց ԱԷՄԳ նախկին ղեկավար եւ ընդդիմության առաջնորդ Էլ Բարադեյի հայտարարությունը, ըստ որի Սահմանադրությունը կփոխվի եւ ուժի մեջ կմտնի: «Մեզանում տարաձայնություններ չկան ժողովրդավարական Սահմանադրություն ունենալու հարցում, որը կերաշխավորի մեր ազատությունները: Մեր ծրագիրն ազգային համաձայնության հասնելու մեջ է»,-հայտարարել է ընդդիմության առաջնորդը:Թեեւ տապալված նախագահ Մուրսիի գտնվելու վայրը հայտնի չէ, սակայն նրա «Թվիթերը» անընդհատ թարմացվում է: Մոտավորապես մեկ ժամ առաջ նա գրել է, որ «զինված ուժերի հայտարարությունն ընդունելի չէ բոլոր ազատ մարդկանց համար, որոնք պայքարել են ժողովրդավարական Եգիպտոսի համար»:











