«Վահե Ավետյան» հասարակական շարժումն այսօր՝ հուլիսի 4-ին պիկետ է կազմակերպել «Հարսնաքար» ռեստորանի մոտ՝ բողոքելով երգիչներ Մարտին Մկրտչյանի եւ երգչուհի Հռիփսիմե Հակոբյանի հարսանեկան արարողության դեմ:

Պիկետի մասնակիցներից «Նախախորհրդարան» նախաձեռնության անդամ Գարեգին Չուքասզյանը նշեց. «Բազմաթիվ ուրիշ տեղեր կային հարսանիքի համար եւ մենք ուզում ենք, որ նրանց համար տհաճ լինի մեր ներկայությունը, որպեսզի հասկանան, թե ինչքան անբարո քայլ են կատարում»:

Նա նկատեց, որ մինչ այդ եւս հարսանիքներ եղել են «Հարսնաքար» ռեստորանային համալիրում, բայց սրա նման հնչեղություն չեն ստացել, երբ բոլոր կայքերում տեղեկատվությունը հրապարակվել էր: «Ցանկանում են իրենց օրինակով կարծրատիպ կոտրել, ինչն անթույլատրելի է»,-ասաց Չուքասզյանն ու հավելեց. «Չի կարելի հարսանիք անել մի վայրում, որտեղ արյունը դեռ չի չորացել»:

Ոստիկանության աշխատակիցները շղթա կազմած ակցիայի մասնակիցներին հրելով «Հարսնաքարի» մոտից հեռացրին մինչեւ դիմացի մայթ, ասելով, որ չի կարելի այնտեղ ակցիա անցկացնել:

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին պառկել է գետնին եւ նրան ոստիկանները ոտքերից ու ձեռքերից բռնած հեռացրել են «Հարսնաքարի» մոտից: Նրան տեղափոխել են ոստիկանության բաժանմունք: 

Դեպքի վայր է ժամանել նաև մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խումբը: 

Պիկետի մասնակիցների ձեռքին կան պաստառներ, որոնց վրա գրված է. «Ես եմ Վահե Ավետյանը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Վահե Ավետյան» հասարակական շարժումը հայտարարություն էր տարածել, որտեղ նշել էր. «Հասարակությունը չի կարող անտարբեր լինել օլիգարխ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի կողմից դաժան ծեծի հետևանքով մահացած ՀՀ զինված ուժերի սպա Վահե Ավետյանի տարելիցից երեք օր անց հանցագործության վայրում հարսանիք կազմակերպելու անբարո մտադրության նկատմամբ:  Արտահայտենք մեր բողոքը՝ մերժելով բարբարոս բարքերը»

Ինչպես գրել էր «Ժողովուրդ» օրաթերթը, այսօր «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի է ունենալու երգիչ Մարտին Մկրտչյանի եւ երգչուհի Հռիփսիմե Հակոբյանի հարսանեկան արարողությունը:

«Մեր տեղեկություններով` հարսանիքի քավորը Երեւանի ՃՈ պետ Արսեն Արշակյանն է: Մ. Մկրտչյանից փորձեցինք պարզել, թե ինչու է որոշել իր հարսանիք անցկացնել մի ռեստորանում, որը բավական տխուր հռչակ ունի, քանի որ այնտեղ դեռեւս մեկ տարի առաջ դաժանաբար ծեծվել ու սպանվել էր բժիշկ Վահե Ավետյանը:

«Ուղղակի իմ հայրը տարիներ շարունակ աշխատում է այդ ռեստորանում որպես երաժշտական խմբի ղեկավար, հետեւաμար երաժշտական կոլեկտիվը մեր մտերիմներն են: Հայրիկիս աշխատավայրը լինելով` ես նպատակահարմար եմ գտել մեր հարսանիքն անցկացնել հենց այդ ռեստորանում: Ուրիշ որեւէ պատճառ չկա, իսկ տհաճ լինելու առումով, ուղղակի եթե կարիքը կա, ես կարող եմ ներողություն խնդրել մահացած բժշկի հարազատներից»,-ըստ թերթի ասել էր երգիչը: