Քիչ առաջ Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում մեկնարկեց գործադիր մարմնի նիստը. կուսակցության գրասենյակ ժամանեցին ՀՀԿ ԳՄ անդամները, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

Մելիք Ադամյան փողոցում տեղակայված շենքի դիմաց, ինչպես միշտ, հավաքվել էին ցուցարարները։ Նրանք Բուզանդի, Հանրապետություն, Խանջյան, Արամի փողոցի նախկին բնակիչներն են, ում բնակարանները ճանաչվել է հանրային գերակա շահ եւ ինչպես նրանք հայտնեցին, 6-7 տարի է՝ նրանց խաբում են եւ բնակարաններ չեն տալիս։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ցուցարարներին խոստացել է նիստից հետո հանդիպել նրանց։ Ցուցարար կանայք սպառնում էին փակել ճանապարհը, կանգնել Հանրապետության հրապարակում, այրել ՀՀԿ-ի շենքը՝ ասելով, թե «գյուղացիների չափ էլ չկանք»։

«Մեր երեխեն եթե տուն չպետք ա ունենա, դուք էլ չեք ունենա, վառելու ենք ձեր սաղ տները, գնալու ենք Իշխան Զաքարյանի ասաբնյակո՞ւմ մնանք, սաղ ղարաբաղցիները լցվել են ստեղ։ Հերիք ա արդեն, վեց տարի է ընկել ենք փողոցները, ինչպես մեզ բոմժ դարձրեցիք, հիմա դուք բոմժ դարձեք, փակելու եմ էսօր, մեկը դուրս չգա էստեղից»,-բացականչում էր կանանցից մեկը։

Նշենք, որ այսօրվա ՀՀԿ ԳՄ նիստը երկար սպասված էր։ Դրա ընթացքում պետք է քննարկի պառլամենտական մեծամասնության վարքագիծը ՎՊ հաշվետվության ժամանակ: «Շատերն սպասում են նույնքան կոշտ խոսակցություն, ինչպիսին եղավ նախագահականում կայացած խորհրդակցության ժամանակ, մանավանդ որ հենց ԳՄ-ին ներկա լինելու համար չեղյալ է համարվել Հովիկ Աբրահամյանի այցն Ուկրաինա, որը պետք է մեկնարկեր այսօր: Ու թեեւ ՀՀԿ-ում սպասում են, թե ինչ է ասելու խնդրո առնչությամբ Սերժ Սարգսյանը, այնուհանդերձ, խորհրդի նիստ ԳՄ-ից հետո չի լինելու»,- գրել էր «Հրապարակ» թերթը: