Վանաձոր քաղաքի բնակիչ, կույր 62-ամյա Ռոբերտ Ղազարյանի կեցության հարցը լուծում է ստացել: Խնդրի հետ կապված, NEWS.am-ի Լոռիի թղթակիցը զանգահարել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանին, ով տեղեկանալով խնդրից, միջնորդել է Վանաձորում գործող «Հույսի տուն» տարեցների հանգստյան տանը կույր տղամարդու ժամանակավոր խնամքը կազմակերպելու հարցը, մինչեւ որ հարցին կտրվի վերջնական լուծում:
NEWS.am-ի Լոռիի թղթակիցը Ռոբերտ Ղազարյանին օգնության ձեռք մեկնած քաղաքացիների հետ միասին նրան տեղափոխել են «Հույսի տուն» տարեցների հանգստյան տուն, որտեղ ծերունուն ապահովել են անհրաժեշտ ամեն ինչով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վանաձոր քաղաքի բնակիչ, 1951թ-ին ծնված Ռոբերտ Ղազարյանը, ով կույր է, արդեն հինգ օր է՝ 12-ամյա որդու հետ փողոցում է գիշերում: Այս մասին NEWS.am-ի Լոռիի թղթակցին ահազանգել է վերջինիս ճանապարհին հանդիպած մարդկանցից մեկը, ով կույր ծերունուն տարել էր իրենց խանութ, մինչեւ որ պատկան մարմինները կմտածեն նրան կացարան տալու մասին: Ռոբերտ Ղազարյանը NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ ինքն ու 12-ամյա որդին բնակվելիս են եղել վարձով բնակարանում, սակայն վարձավճարը չվճարելու պատճառով նրանց դուրս են արել տանից. «Մի քանի օր մնացի կայարանում, երեխուս հետ, մարդիկ բերում հաց էին տալիս, շոր…հետո էրեկ միլիցեքն եկան դուրս արեցին էդտեղից, տղուս վերցրի էկանք քաղաքային սադ, գիշերի բեսետկի մեջ ենք քնել, հագիս շորը երեխուս վրա էի գցել,….էսօր էլ տղուս հետ գնացինք սոցիալական, որ իբր տեսնենք՝ ով մեզ մի տեղ կտեղավորի, էդ էլ տղես ասավ, պապա, էսա կգամ ու չկա….ինձ էլ էս մարդիկ բերին խանութ, տեսան, որ ծառերից բռնվելով եմ ման գալիս…էդպես տղա ջան»,- ասաց նա, հավելելով, որ արդեն մի քանի օր է՝ ինչ փորձում են մի տեղ տեղավորվել, սակայն ոչ ոք նրան չի ընդունում. «Նիուժելի էս երկրում վաթսունն անց կույր մարդը մնալու տեղ չունի, ես հլա հեչ, բա երեխես մեղք չի…»:
Լուսանկարներն ու տեսանյութը` Էդվարդ Արզումանյանի











