Մարո Գուլոյանի կասկածելի ինքնասպանության գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներն այսօր` հուլիսի 11-ին, ժամը 12.00-ին, պետք է դիմում փոխանցեին Գլխավոր դատախազին եւ հանդիպեին դատախազի տեղակալին: Դատախազության շենքի մոտ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Մինասյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ պետք է հանդիպեին դատախազի տեղեկալի հետ, սակայն գրաֆիկի հագեցվածության պատճառով հանդիպումը տեղափոխվել է ժամը 17,00-ին: Գլխավոր դատախազի հետ կհանդիպեն տուժողի իրավահաջորդի երկու փաստաբանները, կներկայացնեն իրենց մտահոգությունները գործի քննության հետ, ինչպես նաեւ կփոխանցեն դիմում` Գլխավոր դատախազին` Մարո Գուլոյանի ինքնասպանության գործի քննությունը Երեւան տեղափոխելու խնդրանքով:

Լուսինե Մինասյանը նշեց, որ իրենք ակնկալում են, որ գործը կտեղափոխվի Երեւան, քանի որ Գլխավոր դատախազին հասցեագրված առաջին դիմումին դրական պատասխան էին ստացել եւ Գլխավոր դատախազի որոշմամբ`   Մարո Գուլոյանի քրեական գործի վարույթը վերաբացվել է: Նրանք հույս ունեն, որ գլխավոր դատախազությունը շարունակական կլինի օրինավոր որոշման մեջ եւ մինչեւ վերջ իրենց կողքին կլինի:  Կնոջ ինքնասպանության գործի քննությունը Երեւան տեղափոխելով տուժողի իրավահաջորդները ավելի հանգիստ կլինեն եւ վստահ, որ միջամտություն չի լինի:

Թե իրականում ինչ է եղել Մարո Գուլոյանի հետ` ինքնասպանություն, ինքնասպանության հասցնել, թե սպանություն, փաստաբանը դժվարանում է ասել, բայց բացառում է ինքնասպանության վարկածը: Լուսինե Մինասյանը շեշտեց, որ քննության ժամանակ խախտումներն այնքան ակնհայտ են, որ հնարավոր չէ երկար տարիների փորձ ունեցող քննիչները չիմանային, թե օրենքը ոնց է  կիրառվում: «Կա երկու տարբերակ, կամ այդ մարդիկ քրեադատավարական նորմերին այդքան էլ ծանոթ չեն, կամ էլ ցանկություն չկա իրականությունը բացահայտելու, որովհետեւ հնարավոր է դրա հետեւում շատ ավելի լուրջ բաներ են թաքնված, գործում շատ չբացահայտված բաներ կան»,- շեշտեց փաստաբանը:

Նա չի ցանկանում հավատալ, որ վարույթն իրականացնող մարմինը կարող է այդքան ոչ պրոֆեսիոնալ գտնվել եւ քննիչների աշխատանքը  քննության ընթացքում որակել զուտ որպես անփութություն:

Հիշեցնենք, որ 20-ամյա Մարո Գուլոյանը, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպան է եղել: Սակայն պաշտոնական վարկածը եւ գործի փաստական հանգամանքները էապես հակասում են միմյանց: Կանանց իրավունքների կենտրոնի փոխանցմամբ՝ Մարո Գուլոյանը, ով ուներ մեկ դուստր եւ մահվան պահին հղի էր երկրորդ երեխայով, մահացել է ամուսնու տանը` Կոտայքի մարզի Առինջ գյուղում:

«Մարոն մշտապես բռնությունների է ենթարկվել ամուսնու` Գեւորգ Գուլոյանի կողմից, ով խորապես տարված էր խաղամոլությամբ ու չէր աշխատում: Ըստ քրեական գործի   նյութերի` Մարոն ինքնասպան է եղել լոգարանում խալաթի գոտիով կախվելու միջոցով: Գեւորգ Գուլոյանը պատգամավոր Մուրադ Գուլոյանի ազգականն է:

Գործով նախաքննությունն իրականացվել է ՀՀ Ոստիկանության ՔԳՎ Կոտայքի  մարզի քննչական բաժանմունքում, որն էլ 2013թ. ապրիլի 22-ին որոշում կայացրեց քրեական գործով վարույթը կարճելու մասին` հանցակազմի բացակայության պատճառով (քրեական գործը հարուցվել էր ՀՀ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի` ինքնասպանության հասցնելու հատկանիշներով)»,- ավելի վաղ հայտնել էր Կանանց իրավունքների կենտրոնը: 

Մանրամասները` տեսանյութում: